Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled design (2)
A A
Հասարակություն

Կառավարությունը բոյկոտում է ««Ա1+»-ն ընդդեմ ՀՀ Կառավարության» գործով դատական նիստերը․ փաստաբան (տեսանյութ)

«Կառավարությունը բոյկոտում է ««Ա1+»-ն ընդդեմ ՀՀ Կառավարության» գործով դատական նիստերը։ Այս համոզմունքն ունի Վարչական դատարանում «Ա1+»-ի  ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը։

Խախտված իրավունքները վերականգնելու համար ընդդեմ Կառավարության «Ա1+»-ի գործով  4-րդ դատական նիստն էր.  հերթական անգամ  պատասխանող կողմը չէր ներկայացել Վարչական դատարան։

«Ես միտում եմ տեսնում բոյկոտի, որովհետև շատ կարոևոր էր՝ օպոնենտին տեսնել ու լսել, նրան հարցեր ուղղել, նրա պատասխանից կարող են հետևանքներ լինել։ Նրանք  դիտավորյալ չեն գալիս նիստին, բոյկոտում են և սա շատ վատ է մանավանդ նոր Հայաստանում»,-ասում է Արա Ղազարյանը։

«Ա1+»-ը պահանջում է առոչինչ ճանաչել 2003 թվականին կապուղիների վերաբերյալ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կայացրած յոթ որոշումները; 

Թե ինչո՞ւ պետք է «Ա1+» ը 7 անգամ մերժվեր և լիզենզիա չստանար այն դեպքում, երբ 2002 թվականին եթերազրկման պահին համարվում էր թիվ մեկ հեռուստաընկերությունը, փաստաբանը   քաղաքական ենթատեքստը ակնհայտ է համարում եւ առաջարկում է ԱԺ-ում քննիչ հանաժողով ստեղծել և ստանալ պատասխանը․

«Եթե նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որի քաղաքական գնահատականը դեռ չի տրվել, ապա դա սկսվել է «Մելտեքսի» գործից»։

 «Ա1+»-ի  ներկայացուցիչներն այսօր ևս  երկու միջնորդություն ներկայացրին դատարանին, որոնցով պետք է ակնհայտ դառնա, որ «Ա1+»- ը եթերազրկվել է քաղաքական դրդապատճառներով, ինչը, ըստ ներկայացուցիչների՝ արձանագրվել է ոչ միայն հայկական բազմաթիվ տեղեկատվական աղբյուրներում, այլ նաև միջազգային կառույցներում և ՄԻԵԴ-ում։

Փաստաբանները պնդում են՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ Կառավարության և «Ա1+»-ի միջև եղած խտրականության իրավահարաբերությունները վերացվել են․

«Եթե «Մելտեքսը» շարունակեր նույն քաղաքականությունը այսօր, ապա  միջամտություն տեղի չէր ունենա պետական մարմինների կողմից, որովհետև նոր իշխանությունները որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որով չեն միջամտելու ոչ դատական իշխանության գործունեությանը, ոչ լրատվական մարմինների կամ չորրոդ իշխանության ներքին գործին»։

«Ա1+-ի» ներկայացուցիչները պատասխանող կողմից պահանջում են նաև ներկայացնել մրցութային փաթեթները, դրանց գնահատման արձանագրությունները, որպեսզի կարողանան դատարանին ցույց տալ, որ այն ժամանակ մրցույթներով կողմնակալ որոշումներ են կայացվել․

 «Եթե ես գնում եմ մրցույթի, գիտեմ, որ ամենաթույլը չեմ, մինչեւ այս, ունեցել եմ այնպիսի տնտեսական կամ արտադրանքի հետ կապված միավորներ, որի մասին իմ մրցակիցները չէին էլ կարող երազել, ապա ինչպե՞ս պատահեց, որ ես 7 անգամ պարտվեցի։ Մենք հուսով ենք, որ Վարչական դատարանը կգտնվի բարձունքի վրա։ Պետք է ապացուցենք մի բան, որն առերեւույթ չի երեւում, մենք չենք կարող տեղեկանք բերել, որ կուլիսների հետեւում տեղի է ունեցել քաղաքական պայմանավորվածություններ։ Բոլորը գիտեն, որ դա տեղի է ունեցել»։

Արա Ղազարյանը վստահեցրեց՝ պատրաստ են դատարանին ներկայացնել ավելի շատ ապացուցներ այն մասին, որ  լրատվամիջոցի հանդեպ եղել է խտրական վերաբերմունք, պատրաստվում  են ընդհուպ սոցիոլոգիական հարցումներ անել և արդյունքերը ներկայացնել դատարանին։

Ի դեպ, օրերս Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց Տնտեսական դատարանի նախկին դատավոր, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ում կայացրած որոշումը  «Ա1+»-ը  բողոքարկել էր եվրադատարանում եւ  շահել։   Լրագրողներից մեկը  «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանից  հարցրեց՝ թե արդյո՞ք այսօր նշմարվում է  դատավորների  ինքնամաքրման ճանապարհը՝ հաշվի առնելով Խունդկարյանի ընտրությունը։

«Ինքնամաքրման ճանապարհը ոնց որ թե սկսվել է, որովհետեւ այսօրվա դատավարությունն էլ ինձ շատ դուր եկավ, դատավորի՝ գործին լավ ծանոթանալու միտումը, խորանալու միտումը, որը ժամանակին չի եղել, դրանով կարելի է ենթադրել, որ դատաիրավական հակարգը սկսել է անցնել ինքնամաքրման ճանապարհ։ Նույն ճանապարհին է նաեւ Երվանդ Խունդկարյանը, որը կնքահայրը դարձավ մերժման դատավարությունների շարքի, իսկ հիմա երեւի ինքնամաքրման ճանապարհ է ընտրել։ Իր նշանակումը, ճիշտն ասած, ինձ համար միևնույն է, միայն թե մաքրված  նստի այնտեղ»։

«Ա1+ն ընդդեմ ՀՀ կառավարության» գործով դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 17-ին։