Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» ընկերության ղեկավարության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault Systèmes») ընկերության ղեկավարության հետ:

Ընկերության գործադիր փոխնախագահ Ֆլորենս Վերզըլենի ու փոխնախագահ Ժակ Բելտրանի, ընկերության կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի և միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն, Հայաստանի հետ փոխգործակցության հարցերով պատասխանատու Մարիոն Միլոսևիչի հետ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Դասո սիստեմս»-ի կողմից մշակված հատուկ կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գիտատեխնոլոգիական և կրթական ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու հեռանկարներին: Մասնավորապես քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում գործակցության կոնկրետ ուղղությունները, հատկապես հեռանկարային են համարվել արհեստական բանականության, տվյալների կառավարման, մաթեմատիկական մոդելավորման և մի շարք այլ ոլորտներ:

Համաշխարհային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ «Dassault Group»- մեջ մտնող «Դասո սիստեմս»-ը մասնագիտացած է ռազմարդյունաբերական, ավիացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի համար ծրագրային ապահովումների և տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման մեջ: