Բացել լրահոսը Փակել լրահոսը
կգմս1
A A
Պաշտոնական

Դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ դրա՝ ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա. փաստաբանը ապակողմնորոշում է

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, փաստաբան Գեղամ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջը և մյուս սահմանափակումները ապօրինի են, ինչը իբրև հաստատված է դատարանի որոշմամբ։

 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով հարցը, պարզել է, որ փաստաբանի՝ սեպտեմբերի 10-ին ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով։

 

«Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով վերադարձնել: Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և մինչև ուժի մեջ մտնելը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան», - ասված է դատարանի որոշման մեջ։

 

Նկատենք նաև, որ Կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514 - Ն որոշման  համաձայն՝ ուսումնական և արտադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հիման վրա։Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է 19 էջից կազմված ուղեցույց, որով սահմանվում է ուսումնական հաստատություններում հակահամաճարակային անվտնգության կանոնները։

 

Բացի դրանից, 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Առողջապահության նախարարի թիվ N 23-Ն որոշմամբ սահմանվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։

 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի պնդումը, թե իբր ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել դպրոցներում դիմակ կրելու պահանջի ապօրինի լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ Աշակերտների ծնողներին հորդորում ենք հետևել միայն պաշտոնական կամ պաշտոնապես հաստատված տեղեկություններին։

 

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»