Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չի լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ուզում. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի մոտ են հավաքվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Նրանք պնդում են, որ Հարությունյանը ձախողել է ոլորտի քաղաքականությունը։
Ազգային ժողովում այսօր ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցադրումն՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Վերջինս պնդեց, թե Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումից առայսօր բոլոր ոլորտներում ձախողումների շքերթ է։
«Կրթության ոլորտում հեղափոխություն չկա, եթե «Իմ քայլը» խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, այլ իսկապես գնահատում է ոլորտի ձախողումները, ապա, այդ դեպքում պետք է համաձայնի, ու հրաժարականը տեղի ունենա», - ասաց Խաժակյանը։
ԼՀԿ ներկայացուցիչն ասում է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չի լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ուզում։
«Ա1+»-ի հարցին, թե կան փաստեր, որ իշխող թիմի ներսում ևս պահանջում են Հարությունյանի հրաժարականը, Խաժակյանն արձագանքեց, թե Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը նկարվեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականի պաստառի մոտ մեկ ժամ անց, երբ նա ասաց՝ թիմում իր հրաժարականի պահանջը չկա։ Խաժակյանը պնդեց, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր վարքաբանությամբ քաղաքական դաշտում հայտնի է որպես մեծամիտ քաղաքական գործիչ.
«Երբ անգամ թույլ է տալիս ուսուցչին ասելու, որ «դե կարող եք, այդքանն անգլերեն ասեք», ես կարծում եմ, որ նա պետք է ներողություն խնդրեր, բայց չի անում», - ասաց Խաժակյանը։