Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Հասարակություն

Ակցիա Ազգային ժողովի դիմաց (տեսանյութ)

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները պնդում են, որ «Իմ քայլը» խմբակցությունից ստացել են աջակցության առաջարկներ, բայց չեն համաձայնվել։ Ըստ նրանց՝  խոստումը եղել է անհատական լուծումներ տալու մասին, ինչին իրենք դեմ են։

«Մենք ուզում ենք ստանալ հարցի գլոբալ կամ գոնե մասնակի լուծում, բայց ոչ անհատական»,- ասաց ԱԺ շենքի դիմաց ակցիա անող քաղաքացիներից մեկը։

ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ կարող են մեկնել միայն այդ երկրի իշխանության թույլտվությամբ։ Քաղաքացիներից մեկն ասում էր՝ իրեն հաջողվել է   կապ  հաստատել ՌԴ դեսպանատան հետ, որտեղ ստացել է այս  պատասխանը. «Մեզանից կախված ոչինչ չկա, այդ հարցով պետք է զբաղվի Հայաստանի կառավարությունը»:

 Ակցիայի մեկ այլ մասնակից շարունակում է. «Մենք  եղել ենք դեսպանատանը, այնտեղից իմ տղան դիմել է Ռուսաստանի նախարարությանը ու մեզ ասել են, որ ճանապարհները բացողն ու փակողը Հայաստանն է»:

Նրանք ասում են, որ թեեւ ՀՀ քաղաքացի են, բայց տարիներ շարունակ իրենց բանակավայրը եւ աշխատավայրը եղել են ՌԴ-ում։ Իսկ ՀՀ եկել են ժամանակավոր, ու մնացել են այստեղ կորանավիրուսային համավարկի պատճառով։

«Ես եկել եմ մարտ ամսին,  հայրիկս էր մահացել: 19 տարեկան աղջիկս  էնտեղ մենակ է , երկու երեխաներս ինձ հետ են, պետք է դպրոց գնան, արդեն զգուշացում էլ ենք ստացել»,- նշեց մասնակիցներից մեկը: 

Մեկ այլ մասնակից նշում է՝  ութ ամիս է այստեղ է ամուսնու և երեխայի հետ: Ասում է ՝ ստիպված երեխային այստեղ է դպրոց ուղարկել. «Սովորում է 5րդ դասարանում, բայց մեծ դժվարությամբ , ո՛չ հայերեն տառեր գիտի, ո՛չ գրել, ո՛չ կարդալ»: 

Ակցիայի մասնակիցներից ոմանք  ապրել են վարձով, ոմանք բարեկամների տանը:

Ինչու չեն փորձում աշխատանք գտնել Հայաստանում՝ հարցին՝  նրանք պատասխանում են. «Չեմ աշխատում, որովհետև Հայաստանում աշխատանքի են ընդունում երիտասարդների, բարետես կանանց, իսկ Ռուսաստանում ես 20 տարի է աշխատում եմ»

Ակցիայի մասնակիցների պահանջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ իշխանություններից հետևյալն է.  « Բանակցել և վերաբացել ճանապարհները»: