Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավանդույթը չխախտվեց

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ պատասխան խաղում գործող գավաթակիր «Բարսելոնան» չնայած իր հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին», սակայն երկու խաղերի արդյունքներով դուրս մնաց մրցաշարից (առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր երկու գոլի առավելությամբ` 3:1: Դա նշանակում է, որ մայիսի 22-ին նախատեսված եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Բավարիան» ու «Ինտերը»: Այդպիսով, չխախտվեց չեմպիոնների լիգայի ավանդույթը. գործող գավաթակիրը կրկին չկարողացավ նվաճել այն:

Հավելենք, որ «Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը ավելի մեծ հետաքրքրություն էր առաջացրել, քան մեկ օր առաջ տեղի ունեցած «Լիոն» - «Բավարիա» խաղը:

Բարսելոնյան մրցավեճը լուսաբանելու ցանկություն էին հայտնել 210 լրատվամիջոցներ, այդ թվում 54 հեռուստաընկերություն, 26 ռադիո, 83 թերթ, 47 լրատվական գործակալություն: Ընդհանուր առմամբ` խաղին հայտավորվել է 785 լրագրող: