Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Ղարագյոզյան
A A
Հասարակություն

Կկիրառվի Ստամբուլյան արձանագրությունը՝ նախկին զինծառայողի բողոքի հիմքով

  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը  բավարարել է 2015 թ բանակում դաժան եւ անմարդկային վերաբերմունքից հետո հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի բողոքը։

«Գնել Գասպարյանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է  Ստամբուլյան արձանագրության հիմքով նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, որտեղ պետք է ներգրավված լինի բժիշկ, հոգեբան եւ հոգեբույժ»,-  «Ա1+»-ին ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։

   Ըստ նրա՝ մինչ այդ փորձաքննություններին մասնակցել է միայն հոգեբանը եւ չի կարողացել խոշտագման վերաբերյալ գնահատական տալ։

«Արձանագրությունը որպես ուղեցույց  չի հանդիսանում պարտադիր ՀՀ իրավապահ մարմինների համար, սակայն դատարանը գտնում է, որ նշված ուղեցույցին հետևյալ հնարավորությունը կտա լավագույնս իրացնել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու փաստի առիթով արդյունավետ քննություն կատարելու պետության պոզիտիվ պարտականությունը, քանի որ քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար  պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առաջ»,- նշված է որոշման մեջ։

Ստամբուլյան արձանագրությունը՝  բժիշկների, հոգեբույժների եւ իրավաբանների համար նախատեսված ուղեցույց է որը   1999թ-ից  դարձել է ՄԱԿ-ի  պաշտոնական փաստաթուղթ։ Այն օգտագործվում է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկված լինելու փաստը պնդող անձանց գնահատման, ենթադրյալ խոշտանգումների դեպքերի քննության համար։ Փաստագրման արդյունքները դատարանում ծառայում են որպես վավեր ապացույց:    

 

 Դատարանը համաձայնել է փաստաբան Արա Ղարագյոզյանի  այն դիտարկման հետ, որ «Ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին» 26.11.2015 թ որոշմամբ փորձագետներին տրված հարցերից  որևէ մեկը ուղղված չեն եղել հնարավոր խոշտանգման դեպքը բացահայտելուն։

   Դատավորը նշել է, որ  խախտումները հանգեցրել է խոշտանգման, անմարդկային  կամ նվաստացնող վերաբերմունքի կամ  պատժի ենթարկվելու փաստի  առիթով արդյունավետ քննություն ակնկալելու տուժող Արթուր Հակոբյանի իրավունքի խախտումների։

 «Սա առաջին դեպքն է, եւ սառույցը կոտրվեց։ Սա խոշտանգման զոհերի հոգեբանական փորձաքննությունն է, որի շնորհիվ հնարավոր է պարզել՝ անձը խոշտանգման ենթարկվել  է, թե՝ ոչ»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Արթուր Հակոբյանն Ագարակի զորամասում զինվորական ծառայության ընթացքում հրամանատարի կողմից ենթարկվել էր խոշտանգման և դաժան վերաբերմունքի, որի հետեւանքով ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ 2018 թվականին Վճռաբեկ դատարանն որոշում էր կայացրել, արձանագրելով, որ ստորադաս դատարանները թույլ են տվել զինծառայող Հակոբյանի՝ Կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, և Քրեական դատավարական օրենսգրքի  մի շարք հոդվածների խախտումներ՝ 17-րդ, 86-րդ, 210-րդ, որոնք իրենց բնույթով ոչ միայն էական նշանակություն են ունեցել, այլեւ ազդել են գործով ճիշտ եւ արդարացի որոշման կայացմանը: