Բացել լրահոսը Փակել լրահոսը
22986
A A
Պաշտոնական

Վարչապետը Խնձորեսկում մասնակցում է «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը. ուղիղ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։ Վարչապետին ուղեկցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը :

 

Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Մխիթար Սպարապետի գերեզման` ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

 

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին։

 

Նիկոլ Փաշինյանը քայլել է Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

 

Վարչապետն այնուհետև այցելել է Խնձորեսկի համայնքապետարանի հարակից տարածք, որտեղ նրան ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակողթողներին, այնուհետև ներկայացվել են ցուցադրական ելույթներ: Վարչապետը զրուցել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։ 

 

Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Գորիս` ծանոթացել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին: 

 

Դիտակետին հարակից տարածքը նախկինում եղել է շինարարական աղբավայր. վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը: Դիտակետից բացվում է «ժայռերի քաղաք» Հին Գորիսի տեսարանը: Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն դրամ, որից 40 տոկոսը՝ համայնքի ներդրումը:   Ծրագիրն ուղղված է  մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մեծ ներուժի զարգացմանը: Ըստ պատասխանատուների, վերակառուցումից հետո տարածքը բավականին մրցունակ է բիզնեսի զարգացման և ներդրումների համար։ 2020 թվականին արդեն իսկ սկսել են գործել հյուրանոց և ռեստորան։  Ենթադրվում է  որ  2021-2022թթ. կստեղծվեն սպասարկման  նոր և մրցունակ  ծառայություններ, քանի որ արդեն իսկ  մի շարք բիզնես առաջարկներ են քննարկվում։  

 

Վարչապետը շրջել է նաև Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով` ծանոթացել այստեղ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն Գորիսում զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքի գրավչության բարձրացմանը: