Մեծ թենիս Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Երեւանի «Օրանժ» թենիսի ակումբի կորտերում կմեկնարկի 2010 թ «Ֆեդերացիայի գավաթի» եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարը, որին Հայաստանի կանանց հավաքականից բացի կմասնակցեն նաեւ Ֆինլանդիայի, Վրաստանի, Հունաստանի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները: Բացման արարողությունը տեղի կունենա առավոտյան ժամը 10:30-ին:
Իսկ այսօր վիճակահանությամբ որոշվեցին երկու խմբերի կազմերը: «Ա» խմբում ընդգրկվեցին ՀԱՀ, Հունաստանի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի հավաքականները, իսկ «Բ»-ում` Հայաստանի, Ֆինլանդիայի, Վրաստանի եւ Նորվեգիայի թիմերը: Առաջին տուրում մեր թենիսիստուհիները կմրցեն Նորվեգիայի ընտրանու հետ:
Նշենք, որ մրցակարգով խմբերի հաղթողները անցումային հանդիպում կանցկացնեն մյուս խմբերում երկրորդ տեղերը գրաված հավաքականների հետ: Այդ հանդիպումների հաղթողները իրավունք կստանան 2011 թ հանդես գալ եվրոաֆրիկյան գոտու 1-ին խմբում: Իսկ ահա խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կմրցեն մյուս խմբերի երրորդ տեղերի թիմերի հետ: Այդ մրցամարտերում անհաջողության մատնվող ընտրանիները կտեղափոխվեն ավելի ցածր` 3-րդ խումբ: