Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զենք
A A
Հասարակություն

  Պրոբացիայի ծառայողները զենք կկրե՞ն

Նույնիսկ պրոբացիայի ծառայության աշխատակիցներն են դեմ, որ իրենց տրվի զենք կրելու եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն։ 

   «Մեզ վրա ավելորդ բեռ, պատասխանատվություն ենք վերցնում։ Հետագայում, ինձ թվում է, բազմաթիվ խնդիրներ են առաջանալու։ Եթե լինեն անհնազանդության դեպքեր, ուղղակի պետք է դիմել ոստիկանությանը, եւ նա  կկատարի իր գործառույթները»,- ասում է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Էդգար Ավագյանը։  Նա մասնակցում է  «Հելսինկյան ասոցիացիա»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից հրավիրված «Պրոբացիայի մասին օրենք»-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների առավելությունների եւ հնարավոր ռիսկերի շուրջ հեռավոր հանդիպում- քննարկմանը։  

Նա չի հիշում  իրենց  պրակտիկայում  մի դեպք, երբ զենք կիրառելու անհրաժեշտություն է առաջացել։

  Ինչպես հանդիպման մյուս մասնակիցներին, այնպես էլ  բանախոս,  անկախ փորձագետ  Հասմիկ Հարությունյանին անհանգստացնում է, թե պրոբացիայի ծառայողների կողմից զենք կրելու մասին նոր օրենսդրական կարգավորումներն ինչ նպատակի կծառայեն։

«Մեր երկրում ուժային կառույցներ կլինեն, թե չեն լինի, եթե նրանց տրվում ենք որոշակի զենքի, ֆիզիկական ուժ կիրառելու իրավասություն, շատ հաճախ մտնում է չարաշահման դաշտ։ Մի ամբողջ ինստիտուտ է ներդրվում, սակայն ինչ նպատակի կծառայի առաջիկայում, ես չեմ կարող ասել»,- ասում է բանախոսը։

 Ըստ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի՝  օրենքը խնդիրներ է ստեղծելու պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար, հատկապես երբ զենք կրելու, առավել եւս կիրառելու անհրաժեշտության մասին չեն խոսում անգամ երկար տարիների փորձ ունեցող ծառայության աշխատակիցները։

«ՀՀ Պրոբացիայի մասին օրենք»-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում նախատեսվում է օրենքի հոդվածում փոփոխություն կատարել, ըստ որի պրոբացիան շահառուի նկատմամբ հսկողություն, ուղղորդում եւ աջակցություն իրականացնելու միջոցով նոր հանցագործությունների կանխումն է։

«Սա աբսուրդ է, մենք ոնց կարող ենք նոր հացագործությունները կանխել, մենք կարող ենք կրկնահանցագործության ռիսկը նվազեցնել»,- ասում է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալը։ Էդգար Ավագյանը միաժամանակ ողջունելի է համարում պրոբացիայի ծառայության աշխատակցին հատուկ հագուստ եւ  դասային աստիճան տալը։

   Բանախոս, փաստաբան Արայիկ Պապիկյանը եւս դեմ չէ, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները համազգեստ կրեն, սակայն այն պետք է լինի առանց զենքի կամ այլ միջոցների.  «Որովհետեւ ակամայից այս կարգավորումների դեպքում  ենթագիտակցորեն կարող է պրոբացիայի ծառայության աշխատակիցը  որոշ անձանց մոտ, օրինակ, նույնականացվել ՔԿ ծառայողի կամ ոստիկանության աշխատակցի հետ, իսկ պրոբացիայի ծառայողն ինքն իրականում այն անձն է, ով պրոբանտի  հետ աշխատանք տանելով օգնում է, որ նա այլեւս չառերեսվի ՔԿ ծառայողների  եւ ոստիկանների հետ,- ասում է փաստաբանը։

 Արայիկ Պապիկյանն առաջարկում է պրոբացիայի  ծառայության աշխատանքի արդյունավետության համար  մտածել  համագործակցության, նյութական միջոցների եւ կամավորության մասին։
Բանախոսների  և մասնակիցների ոկղմից արվեցին  բազմաթիվ առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարությանը։

 Միջոցառումն իրականացվում էր «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի,   Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և «Իրավունքի ուժ»  ՀԿ-ի հետ համատեղ։