Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Հասարակություն

«Դեմպինգ է եղել, փորձել են իրարից հաճախորդ խլել, մեկ հաճախորդի հաշվով` 300 դրամ եկամուտով փորձել են տուրեր անել». Հռիփսիմե Ստամբուլյան (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան Գառնիի տաճարը լուսավորվել էր Լիբանանի դրոշի գույներով։ «Անռիվա տուր» տուրիստական գործակալությունը կազմակերպել էր բարեգործական տուր-համերգ՝ զորակցելու լիբանանահայերին։

Այս և այլ թեմաների վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Անռիվա տուր»  տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի հետ։

-Զբոսաշրջությունը այս օրերի ամենատուժած ոլորտներից մեկն է, սակայն դուք որոշեցիք զորակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ինչպե՞ս առաջացավ գաղափարը։

-«Անռիվա»-ն միշտ է բարեգործական նախաձեռնություններ իրականացրել, դա մեր որդեգրած ամենակարևոր քաղաքականություններից է։ Աշխատակիցները երբեմն կատակում են, ասում են` «Անռիվա»-ն բարեգործական է, ոչ թե բիզնես։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր գործարար պետք է լինի սոցիալական պատասխանատու մարդ։ Այս պայմաններում, երբ մենք չենք աշխատում, բայց  կար կար այս հնարավորությունը կազմակերպելու, ինչ-որ կերպ թեկուզ հոգևոր առումով աջակցելու, մենք չէինք կարող դա չանել։

-Ի՞նչ կանխատեսում ունեք, որքա՞ն կլինի համերգից գոյացած հասույթը։

-Բացարձակ գումար չենք նշել, չենք էլ ենթադրում, ամեն ինչ անվճար է՝ և՛ տրանսպորտը, և՛ մուտքը, և՛ համերգը, ուղղակի տրվել է մարդկանց հնարավորություն գալ և հանգանակություն կատարել։ Հետաքրքրությունը բավականին մեծ է, հուսով եմ՝  թեկուզ ինչ-որ սիմվոլիկ գումար կհավաքենք և ցույց կտանք , որ հայ համայնքի կողքին ենք։

-Հենց գումարային աջակցություն եք պատրաստվո՞ւմ ուղարկել, թե՞ հնարավոր է, օրինակ, ուղարկեք  անհրաժեշտ պարագաներ, սնունդ և այլն։

-Տեսնենք՝ գումարը ինչքան կհավաքվի, դեսպանության հետ կխոսենք և կհասկանանք՝ ինչի կարիք կա ավելի շատ։

-Դուք ունե՞ք տուր-ուղղություն դեպի Լիբանան։

-Այն ժամանակ երբեմն ունենում էինք փաթեթների վաճառք, դե հիմա բնականաբար չունենք որևէ ուղղություն։

-Արդեն հաշվարկել եք՝ ինչքա՞ն վնաս եք կրել համավարակի ընթացքում։

-Շա՜տ, թվերը ահռելի մեծ են, որովհետև ավիաընկերությունը  չի գործել, իսկ մեր աշխատակազմը պարապուրդի է ենթարկվել։ Շատ հույս ունենք, որ սեպտեմբերի 12-ից հետո թռիչքները կվերականգնվեն և կկարողանանք վերականգնել աշխատակիցների գոնե մի մասին։ Թեկուզ մեկ թռիչք լինի շաբաթական։

-Կառավարության աջակցության ծրագրերից օգտվե՞լ եք։

-Ոչ, որևէ օժանդակությունից չենք օգտվել։ Կարծում եմ` շատ քիչ տուրիստական ընկերություններ են  օգտվել, եւ օգտվել են  այն երկու ծրագրերից, որոնցից մեկը վերաբերում էր աշխատակիցներին 68000 դրամի չափով աջակցություն տրամադրելուն,  և  այն ծրագրից, որն ամեն երրորդ աշխատակցի աշխատավարձի փոխհատուցմանն էր վերաբերում։

-Կրճատումներ եղե՞լ են Ձեր ընկերությունում։

Այս պահին դեռ չենք արել, բայց կարծում ենք, որ եթե այսպես շարունակվի, դժվար կլինի չկրճատել։

Ունենք մեզ մոտ գրանցված 17 աշխատակից և 13 աութսորս կազմակերպությունների աշխատակիցներ, ովքեր էլի աշխատում են մեզ համար։ Փաստացի բոլորը պարապուրդի են մատնված։

-Ներգնա տուրիզմը հեռանկարայի՞ն է մեր երկրում։

-Բնականաբար, հեռանկարային է, բայց ասել, որ տուրիստական կազմակերպությունները կարող են դրանով  պահպանել իրենց գոյությունը, հնարավոր չէ, որովհետև նախ շատ լուրջ խնդիրներ կան ոլորտում, օրինակ՝ հյուրանոցները ֆիզիկական անձանց կարող են տալ այլ արժեք, իսկ տուրիստական կազմակերպություններին ավելի բարձր արժեք, այսինքն՝ հյուրանոց-տուրիստական հարաբերությունը մեզ մոտ չի ստացվում, բացի այդ Հայաստանը փոքր է, և մարդիկ աշխատում են գումար չծախսել, մեկ վայրից մյուսը  մեկնել մեքենայով, երկու-երեք օրից ավել էլ չեն մնում։

-Տուրիսական որոշ ընկերությունների ներկայացուցիչները դժգոհում են, որ ոլորտում դեմպինգ է։ Կա՞ նման խնդիր։

-Իրականում` շատ լուրջ դեմպինգ է եղել այս ընթացքում, բոլորը փորձել են իրարից հաճախորդ խլել, մեկ հաճախորդի հաշվով` 300 դրամ եկամուտով փորձել են տուրեր անել։ Հայաստանը շատ փոքր երկիր է և բազմաթիվ տուրիստական կազմակերպություններ կան, եթե բոլորը ներքին տուրիզմով զբաղվեն,  անհնարին կլինի։