Բացել լրահոսը Փակել լրահոսը
118787604_1503497873170124_9188575827774734584_n
A A
Մարզեր

9-ամյա Մանեն հեռախոս ունենալու երազանքը փոխարինից քրոջ հետ զինվորներին օգնելու պատրաստակամությամբ

Մանե և Անի Ամիրյան քույրերը մեկ երազանք ունեն՝ օգնել սահմանին կանգնած զինվորներին։

Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի անվան Սևան քաղաքի համար 3 հիմնական դպրոցի աշակերտուհի քույրերը երազանքին հասնելու ճանապարհը գտել են յուրովի՝ պատրաստել են ձեռագործ աշխատանքներ, կազմակերպել ցուցահանդես, ցուցահանդեսից  գոյացած հասույթով էլ զինվորների համար կգնեն անհրաժեշտ պարագաներ, քաղցրավենիք։

Քույրերի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը Սևանի «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում էր․

«Ես փորձում եմ ծովային քարերից գեղեցիկ զարդեր ստանալ»,-ասում է 9-ամյա Մանեն և հավելում, որ ուզում է  այս միջոցառման օգնությամբ գումար հավաքել և ուղարկել զինվորներին։

10-ամյա Անին էլ հավելում է՝ ուզում են, որ զինվորները լավ ծառայեն՝ ուրախանալով իրենց աջակցությունից։

Աղջիկների մայրը՝ Եթեր Հարությունյանը պատմում է՝ Մանեն ուզում էր իր ձեռագործ իրերով իր համար հեռախոսի գումար հավաքել, բայց զինվորներին տեսնելուց և նրանց հետ ծանոթանալուց հետո Մանեի երազանքը փոխվեց, հեռախոս գնելու մասին մոռացավ։

«Հիմա իրեն հեռախոս պետք չէ, ուզում է դառնալ հանրահայտ դիզայներ և խոշոր գումարներ հատկացնել զիվորներին»։

Աղջիկների մայրը պատմում է նաև՝ ցուցահանդես կազմակերպելու համար իրենց աջակցել ենշատ-շատերը:

Աղջիկների ցուցահանդեսին մասնակցում էին քաղաքի բնակիչները , ինչպես նաև մի շարք հյուրեր՝ տարբեր վայրերից։

«Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Պապին Մուրադյանն իր խոսքում նշեց՝ հետաքրքիր ու ոգևորիչ է, երբ մատաղ սերունդը այս ոգով է դաստիարակվում․

«Սա յուրօրինակ և ուսանելի օրինակ է բոլորիս համար, մեր խոնարհումն ու նվիրումն ենք բերում բոլոր որդեկորույս մայրերին, ովքեր իրենց զավակներ կյանքի գնով մեզ պարգևեցին խաղաղ երկինք։  Հուսով ենք՝  լճաշենցու տաղանդավոր գենի կրող այս շնորհաշատ աշակերտուհիների  նախաձեռնությունը մեր սահմանապահ զինվորին ու սպային ոգևորություն կպարգևի»,- եզրափակեց նա։

Աղջիկների մայրը՝ Եթերը պատմեց, որ պատրաստվում են առաջիկա օրերին այցելել Իջևանի զորամաս, որտեղ Մանեն և Անին անձամբ կշփվեն և կծանոթանան զինվորների հետ, նրանց կփոխանցեն իրենց պատրաստած անակնկալները։