Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 4-ը սեպտեմբերի․ Մանուչարյանը գիտի Քոչարյանի հանցանքը (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 4-ին  Հայաստանում է խորհրդային դատախազության հայտնի քննիչ Թելման Գդլյանը։ Նա եկել է քարոզելու Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի միանալու օգտին։ Նա ցույց է տալիս միության օգտին ստորագրահավաքների այն խուրձը, որ հավաքել են Հայաստանում։ «Հայ ազգը փրկված է»,-եզրակացնում է Թելման Գդլյանը։ Նրան չի մտահոգում, որ ռուսների միայն 3 տոկոսն է ուզում, որ Հայաստանը միանա այդ միությանը։ «Դրանք գնված տվյալներ են»,-ասում է նա։

1998-ի այս օրերին Կենտրոնի ժողովրդական դատարանն անվճարունակ է ճանաչել Երեւանի լամպերի գործարանին։ Ձեռնարկությունը 6 միլիարդ դրամի պարտք ունի պետությանը։ Աշխատակիցներին չի վճարվել 2 տարվա աշխատավարձը։

1999-ի այս օրը Հանրապետության հրապարակի հարակից պուրակում դատախազության դիմաց ինքնասպան է լինում նախկին սպա, 2-րդ կարգի հաշմանդամ, 46-ամյա մի մարդ։ Նա ինքնասպան է եղել նռնակ պայթեցնելու միջոցով գրպանում ունենալով գրություն՝ Աստված իմ, ընդունիր ինձ: 

1999-ի սեպտեմբերի 4-ին բողոքի ցույցի է վերածվում օպերային թատրոնում բեմադրված «Անուշ» օպերան։ Ներկայացման վերջում դերասաններից մեկը խնդրում է հանդիսատեսին ծափահարություններից հետո չհեռանալ եւ լսել իրենց բողոքի ձայնը, իրենք մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանից պահանջում են թատրոն վերադարձնել Տիգրան Լեւոնյանին, որը ներկայացմանը հետեւում է օթյակից։ Թատերագետ Ցիցիլիա Բրուտյանը չի ողջունում այս բողոքը համահայկական խաղերի օրերին:

2000-ի օգոստոսի 1-ից Հայաստանի բանկերը եւ արտարժույթի փոխանակման կետերը որեւէ դրամական գործարք կատարելիս պարտավոր են անդորրագիր լրացնեն։ Կենտրոնական բանկի խորհրդի անդամը սեպտեմբերի 4-ին սպառնում է փակել այն բանկերը, որոնք գործարքներ իրականացնելիս անդորրագիր չեն լրացնի։ Անդորրագրերն այս տարի տպել եւ տարածում է ԿԲ-ն, սակայն մյուս տարի կվաճառի դրանք բանկերին եւ արտարժույթի կետերին։

Նույն օրը Երեւանում վերաբացվում է «Մոսկվա» կինոթատրոնը։ Ձայնային եւ տեսա համակարգն ամբողջությամբ միջազգային չափանիշների շրջանակում է։ Բացմանը ներկայանում են Խորեն Աբրահամյանը, Կիմ Երիցյանը, Արմեն Խոստիկյանը։

Նույն օրը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովում ընտրում են հանձնաժողովի փոխնախագահ։ Կոմունիստ փոխնախագահ Վանյա Մխիթարյանը նշանակվել է պետական գույքի կառավարման փոխնախարար։ Նրան փոխարինում է մեկ այլ կոմունիստ, որի արժանիքն, ըստ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի, այն է, որ անձամբ է ճանաչել Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոյին։ Ընդդիմադիր անդամ Վահե Վարսանյանն ասում է, որ վարչապետը ճնշում է գործադրել հանձնաժողովի մյուս անդամների վրա, որ կոմունիստին անցկացնեն:

Մանկական հանրախանութի աշխատակիցները նույն օրվա մամուլից են տեղեկանում, որ իրենց խանութը վաճառվել է ռուսական մի ընկերության ։ Քաղաքապետարանին պատկանող այս խանութը երեք անգամ ձախողվել էր աճուրդի ձեւով վաճառվելու փորձում։ Արդյունքում խանութի վերջնական գինը սահմանվեց 900 հազար դոլար; Աշխատակիցները բողոքում են, իրենց խաբել են:

Աշոտ Մանուչարյանն իր տարերքի մեջ է։ 2001-ի սեպտեմբերի 4-ին նա Ռոբերտ Քոչարյանին խնդրում է չնեղանալ իր խոսքերի համար, բայց դուք բանդիտ եք եւ հանցագործ։ Ո՞րն է այդ մարդու հանցանքը։ Պարոն Մանուչարյանը գիտի՝ զրահապատ մեքենան:

Բուհերի ռեկտորներից չվախեցող ուսանողները 2001-ի այս օրը բողոքում են «Արմենթելի» րոպեավճարի դեմ։ Մարզերից ժամանած ուսանողները դժգոհում են, որ րոպեավճարն իրենց կխանգարի քաղաքային հեռախոսով կապվել ծնողների հետ։ Նրանք սպառնում են «Արմենթելի» հետ մեկտեղ Հայաստանից քշել կառավարությանը։ Վերջինս ասում է՝ խոսեք այնքան, ինչքան ուզում եք:

Դավիթ Մուրադյանը խոսում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի նոր գրքի մասին ։ 2001-ի այս օրը նախարարն իր հեղինակած միանգամից երեք գրքի շնորհանդես է կազմակերպել՝ պատմվածքներ, հոդվածներ եւ ուսումնասիրություններ: 2003-ի այս օրը կառավարությունը որոշում է 700 դրամով բարձրացնել կենսաթոշակները։ Հայաստանում միջին կենսաթոշակը, այդպիսով, ներկայիս 7200 դրամից կդառնա 7900 դրամ։

2009-ի այս օրը Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: