Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ամուսինս, ստացվում է, երկու տուն է պահում. ակցիա կառավարության դիմաց

Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ ՀՀ կառավարությունից պահանջում են հնարավորություն ստեղծել, որպեսզի կարողանան  ՌԴ մեկնել ։  Նրանցից մեկը ցուցակ է ցույց տալիս, որ  իրենց նամակի տակ մոտ 150   հոգի  է ստորագրել, ուղղակի նրանք մարզերից են և չեն կարողանում ամեն օր գալ։

«Մենք վեց ամիս է՝ այստեղ ենք։ Օգնեք՝ հասնենք մեր ընտանիքներին։ Ուրիշ պահանջ մենք չունենք։ Տարբեր տեղեր դիմել եմ, ինչպես նաև՝  ՌԴ դեսպանատուն, թողել եմ հեռախոսահամարս հնարավոր գրեթե բոլոր կառույցներին։ Ոչ ոք չի զանգում, ոչ ոքից ոչ մի պատասխան»,- ասում է ակցիայի մասնակից Ջուլիետա Մելքոնյանը։

Մեկ այլ քաղաքացի էլ հավելում է.  «Ես երկու բալիկի հետ եկել եմ փետրվարի 26-ին։ Կարելի է ասել՝  մեր ընտանիքը բաժանվել է երկու մասի։ Ամուսինս այնտեղ մենակ է։ Ստացվում է, որ երկու տուն է պահում՝ վարձ է տալիս թե՛ այնտեղ, թե՛ այստեղ»։

ՀՀ կառավարությունը հայտարարում է՝ շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։

Ակցիա անողներին համոզիչ չի թվում։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը չի բանակցում։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանը բանակցությունների արդյունքում բացեց իր սահմանները որոշ երկրների հետ, իսկ մենք՝ չենք կարողանում»,- կասկած է հայտնում մեկ այլ քաղաքացի։  Ըստ նրա՝  իր ծնողները Ռուսաստանի քաղաքացի են,բայց, մեկ է, ինքն իր երեք երեխաների հետ չի կարողանում վերադառնալ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդարադառնալով այս խնդիրին, հղում էր կատարել ՌԴ կառավարության 2020թ մարտի 16-ի Կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակներում կարող են  այցելել Ռուսաստանի Դաշնություն։

«Դրանք են, ի թիվս ՌԴ քաղաքացիների, վերջիններիս ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթերի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,- ասել էր նա։