ՈՒԵՖԱ Ազգերի լիգա-2020. ինչի համար են պայքարելու թիմերն այս անգամ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի թվով 2-րդ խաղարկությունը:
Ի տարբերություն առաջինի, որի ընթացքում 16 հավաքականներ իրավունք ստացան խաղարկելու Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի 4 ուղեգիր, այս անգամ ՈՒԵՖԱ-ն շատ փոքր ստիմուլ է առաջարկել մասնակիցներին: Մասնավորապես՝ մրցաշարի ավարտից հետո ամենաբարձր վարկանիշ ունեցող երկու հավաքականները եկող տարի կմասնակցեն 2022թ աշխարհի առաջնության անցումային խաղերին: Միաժամանակ, այդ խաղերի արդյունքների հիման վրա կձևավորվեն աշխարհի առաջնության վիճակահանության նախնական զամբյուղները:
Օրինակ, Ռուսաստանի հավաքականն այժմ իր վարկանիշով զբաղեցնում է 23-րդ տեղը: Եթե Ազգերի լիգայի ընթացքում ռուսներին չհաջողվի մտնել առաջին քսանյակ, ապա վիճակահանության ժամանակ նվազագույնը կստանան երկու բարդ մրցակիցների, քանի որ Քաթար-2022 ընտրական փուլը բաղկացած կլինի 10 խմբերից, բացի այդ յուրաքանչյուր խմբից եզրափակիչ փուլ են մտնելու միայն հաղթողները:
Հայաստանի հավաքականը նույնպես պետք է պայքարի բարձր վարկանիշների համար, որպեսզի գոնե հայտնվի 3-րդ զամբյուղում և ընդամենը երկու բարդ մրցակիցներ ստանա վիճակահանությունից հետո: Դրա համար հարկավոր է Ազգերի լիգայում անպայման գրավել առաջին տեղը իր խմբում, քանի որ մեր առաջիկա երկու մրցակիցները՝ Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան, ավելի բարձր վարկանիշ ունեն:
Ինչևէ, այսօր մեկնարկող Ազգերի լիգայում ուժեղագույն հավաքականները ձգտելու են պահպանել իրենց բարձր դիրքերը վարկանիշային աղյուսակում, որպեսզի չկորցնեն իրենց տեղը վիճակահանության զամբյուղներում, իսկ նրանց հետապնդող թիմերն աշխատելու են բարելավել իրենց վարկանիշը՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում ավելի հեշտ խմբում հայտնվելու համար: