Ճգնաժամի հաղթահարման «Մաչանենց տան» բանալին
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսն ու դրանով պայմանավորված ճգնաժամը մեծ հարված հասցրին զբոսաշրջության ոլորտին:
Էջմիածնի հայտնի «Մաչանենց տուն» զբոսաշրջության կենտրոնը բացառություն չի եղել: Սակայն ճգնաժամն այստեղ տիրող մթնոլորտի վրա կարծես թե չի ազդել: «Մաչանենց տան» հիմնադիր Գրիգոր Բաբախանյանն առաջիկա ծրագրերից է պատմում՝ ոգեւորված, աչքերում փայլ կա:
Իհարկե, նաեւ խոստովանում է՝ ճգնաժամային վիճակն ազդել է իրենց ամբողջ գործունեության վրա:
Մաչանենց տունը «Հայ միասնության խաչ» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Մաչանենց տուրիզմ եւ արտ» կազմակերպության մասն է: Կազմակերպությունը զբաղվում է մշակութային տուրիզմով:
Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետեւանքով, ասում է, «Հայ միասնության խաչի» բոլոր երեք դպրոցները, թատրոնը, թատրոն-ստուդիան փակվել են:
«Փակվեց զբոսաշրջային ոլորտը, որը հիմնական ֆինանսավորողն էր մեր մշակութային ձեռնարկների: Էնպիսի ցնցում ապրեց՝ 100 տոկոսանոց ֆինանսական գետը ոչ թե նեղացավ, այլ ուղղակի ջուրը կտրվեց»:
«Մաչանենց տան» այցելուների ճնշող մեծամասնությունը արտասահմանցիներն են, այդ պատճառով այժմ՝ ճգնաժամով պայմանավորված սահմանափակումների փոքր-ինչ թուլացումից հետո, կազմակերպությունն ավելի դժվար է ուշքի գալիս:
Մյուս կողմից, սակայն, հենց հայաստանցիներն են սկսել ավելի լավ ճանաչել իրենց, պարոն Բաբախանյանն ասում է՝մարդիկ իրենց նոր են բացահայտում, կամաց-կամաց շարժ տեսնում են: Հիմա այցելուների մեծ մասը՝ 70 տոկոսը, Երեւանից է, սակայն մարզերից էլ են գալիս:
«Անգամ ամենահեռավոր մարզերից գալիս են: Ասում են՝ հասարակության պահանջմունքները փոխվել են, ճաշակն իջել է. ոչ, էդքան էլ վատ չի ամեն ինչ: Օրինակ, վերջերս Մեղրիից խումբ էր այցելել, ասացին՝ 400 կիլոմետր ճանապարհ ենք կտրել, որ գանք, լինենք Մաչանենց տանը»:
Դժվարություններից խոսելիս անգամ Գրիգոր Բաբախանյանի աչքերում փայլը չի խամրում, ասում է՝ հրաշք չեն գործում, պարզապես աշխատում են.
«Ես չեմ հիշում, որ ես կամ մեր թիմը նվնվանք: Թե ինչ տեսակի տնտեսական ցնցում է ապրել մեր կառույցը, նկարագրելու չէ: Բայց ոչինչ, պատերազմ է, չէ՞: Պատերազմի ժամանակ նվնվալ չի կարելի… Կողքինիդ ոգին գցում ես, ընդհակառակը, պետք է ասել, որ շատ լավ է լինելու, պետք է անհավանական բաներ մտածել, աշխատել»:
«Մաչանենց տան» ամեն անկյունը մշակույթ է շնչում՝ պատկերասրահներ, թատրոն, կավագործության անկյուն, անվանական գինիներ, անգամ ռեստորանն ու հյուրատունն ավելի շատ մշակութային կենտրոն են հիշեցնում:
«Համակարգչային խոշոր դպրոց ունենք, որտեղ համակարգիչները կարասների մեջ են, որտեղ հաճախող երիտասարդը միեւնույն ժամանակ ազգային երգ ու պարի, արեւմտահայերենի, խեցեգործության հետ է շփվում: Այստեղ աշխատում են բազմաթիվ մարդիկ, «Հին օրերի երգը» ռեստորանում, օրինակ, միայն թոշակառուներն են աշխատում:
Տարիներ շարունակ ջանքեր ենք գործադրում, որ զբոսաշրջությունը մյուս գիտությունների հետ եւս համարվի գիտություն: Զբոսաշրջությունը միշտ չէ, որ մեր պատկերացրած՝ հով տեղ, սեղան, խորովածի բթացնող հոտն է: Զբոսաշրջությունը քո մշակույթը ներկայացնելու հիանալի գործիք է, աշխարհը պիտի իմանա հայ ազգի մշակույթի մասին, իսկ զբոսաշրջությունը լավ հնարավորություն է»,- ասում է նա:
Շատերը գիտեն «Մաչանենց տան» մասին, բայց քչերը գիտեն, թե որտեղից է անվանումը ծագել՝ «Մաչանենց» ու ինչ նշանակություն ունի:
Պարզվում է՝ այն հետաքրքիր ծագումնաբանություն ունի:
«Պապս պաչել շատ էր սիրում, իրեն ասում էին պաչող մարդ, հետո Խոյի բարբառով համբույրին մաչ էին ասում, մաչան մարդը, Մաչանենց ցեղը, ու այդտեղից եկավ անվանումը»,- պատմում է նա:
Գրիգոր Բաբախանյանն այժմ աշխատում է իր նոր ծրագրի վրա՝ կավե դիմակների: Նաեւ բանաստեղծությունների շարք է սկսել՝ «Դիմակներն են խոսում», առաջին բանաստեղծությունն արդեն գրել է:
Ասում է՝ միշտ շատ է վախեցել այն մարդկանցից, ովքեր դիմակներ ունեն ու օրվա ընթացքում անգամ դիմակափոխվում են:
«Եվ այդպես որոշեցի պատրաստել կավե դիմակներ, կարգախոսն է «Աշխարհն առանց դիմակների»: Դրանք տարբեր երկրներում արդեն ցուցադրվել են, հոկտեմբերի 7-ին այստեղ մշտական պատկերասրահ կբացվի, որտեղ կցուցադրվեն այդ աշխատանքները: Աշխարհն առանց դիմակների ավելի լավն է»:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ողջ աշխարհը բառի բուն իմաստով «դիմակավորվել է»: Սակայն սա իր նախաձեռնության հետ ոչ մի կապ չունի՝ ասում է, պարզապես համընկել է:
«Վարակով պայմանավորված դիմակները ժամանակավոր են, կանցնեն, դրանից ավելի հին դիմակներ կան»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը: