Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ Հասարակություն

Ձերբակալված ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրներն ազատ արձակվեցին (տեսանյութ)

News.am

ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից Մալաքյան եղբայրներն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ազատ կարձակվեն. նրանց ձերբակալման ժամկետը լրացել է։

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններն ազատությունից զրկվել են 30.08.2020-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր` ժամը 23։40-ին և 23։45-ին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա եւ 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները ընկերոջ եւ մի քանի այլ անձանց հետ գտնվել են «Կասկադին» հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՃՈ 2 տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան եւ բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս, տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը, կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող 2 եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, եւ մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը եւ տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Այս ընթացքում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ 2 քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից հնչեցրել են հայհոյանքներ եւ բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: