Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվեց առաջին շրջանը

Սպորտ

Հանդբոլի 2010 թ Հայաստանի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 9 թիմեր:

Վանաձորում ավարտվեց հանդբոլի Հայաստանի պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնության առաջին շրջանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքէջը:

Մրցաշարին մասնակցեցին 9 թիմեր: Ցավոք, այս տարի պատվիրակներ չունի Գյումրին: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբերի: Առաջին շրջանից հետո առաջին խմբում 1-ին տեղը գրավեց Վանաձորի թիմը` 8 միավոր: Ապա հաջորդեցին Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի (6 միավոր), Արցախի (4), Նորք-Մարաշի (2), խաղերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի (ԽՄՕՄ, 0) թիմերը:

Երկրորդ խմբում 100 տոկոսանոց ցուցանիշ ցույց տվեց Շենգավիթի թիմը, որը երեք խաղում վաստակեց 6 միավոր: Հաջորդ տեղերը զբաղեցրին Աջափնյակի (4), Գեղարքունիքի (2) եւ Ալավերդիի (0) պատանի հանդբոլիստները:

Առաջնության երկրորդ շրջանը կկայանա հոկտեմբերին, Երևանում:
Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կմտնեն եզրափակիչ փուլ, որտեղ եւ կվիճարկեն մեդալները: Այս մրցաշարը նույնպես կանցկացվի Երևանում:

Քանի որ հաջորդ տարի մեր պատանեկան հավաքականը մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, այդ իսկ պատճառով առաջին շրջանի ավարտից հետո կազմավորվեցին 14 և 15 տարեկան պատանիների հավաքականներ, որոնք ուժերի փորձարկում կատարեցին` անցկացնելով ընկերական հանդիպում: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 28:28: