Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պայուսակի գինը ուսուցչուհուն դրդեց սեփական բիզնեսը սկսել

Շուկայում ձեռագործ պայուսակների գները դարձան պատճառ, որ 34 -ամյա Մարգարիտա Հովակիմյանը զբաղվի նոր  գործով։ 10 տարվա աշխատանքային փորձով կերպարվեստի ու տեխնոլոգիայի ուսուցչուհին մի քանի ամիս առաջ որոշում է իր զգեստապահարանում ունենալ ձեռագործ պայուսակ։  Ասում է՝  գներն այնպիսին էին, որ հաշվարկեց՝ այդ գումարով մի քանիսը կարող է գործել:

 «Հետաքրքրվեցի, գտա անհրաժեշտ պարագաներն ու սկսեցի գործել։ Առաջինն ինձ համար էի գործել, պատրաստվում էի մյուսը ընկերուհուս համար գործել,  բայց  շատերը հավանեցին ու գնելու  ցանկություն հայտնեցին , իսկ ես շատ ոգևերվեցի ու որոշեցի սեփական պայուսակների արտադրությամբ զբաղվել»,- մեզ հետ զրույցում պատմում է Մարգարիտան։

Կարճ ժամանակում Մարգարիտայի փոքրիկ բիզնեսն ընկերների շնորհիվ լայն տարածում է ստացել ու արդեն անգամ ԱՄՆ-ից է պատվերներ ստացել:

«Շատ դրական կարծիքներ եմ ստանում, գրում են, որ ճաշակով է արված, ինչն ինձ ավելի է ոգևորում։ Յուրաքանչյուր աշխատանք մայրիկիս եմ առաջինը ցույց տալիս, քանի որ իր կարծիքն ինձ համար շատ կարևոր է։ Միասին քննարկում ենք ու ստանում վերջնարդյունքը»,- ասում է նա։

Մեկ ամսում ուսուցչուհին հասցրել է արդեն  վաճառել 7 պայուսակ՝ շուկայական գներից մոտավորապես 50% մատչելի գնով։

«Երազում եմ փոքիկ խանութ ունենալ, որտեղ կվաճառվեն իմ ձեռագործ ապրանքները, որոնք անսահման սիրով եմ պատրաստում»,- «Ա1+»-ի հետ զրույցում անկեղծանում է Մարգարիտան:

Նա պատմում է, որ փոքր տարիքում հելյունով գործել իրեն սովորեցրել է տատիկը:

«90-ականներին , երբ  հոսանք չկար, ցուրտ էր, գուլպաներ էի գործում, իմ ձեռքով տուփ պատրաստում ու նվիրում»,- ասում է նա։