Եթե այսօրվա գազելներն ունեն այդ հնարավորությունները, ուրեմն նոր ցանցի ներդրումն անիմաստ է. Հակոբ Կարապետյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքում է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի՝ ավտոբուսների վերաբերյալ հայտարարությանը։
«Նրա հայտարարություններն ունեն քաղաքական դրդապատճառ, դա դիլետանտություն է։ Ցանկացած մեկը կարող է փնտրել ու գտնել բազմաթիվ մակնիշի ավտոբուսներ, որոնք համապատասխանում են այդ պարամետրերին»,- «Ա1+»-ին ասում է Հակոբ Կարապետյանը
Երևան քաղաքի տրանսպորտային նոր ցանցի նախագիծը նախատեսում է երթուղում ունենալ նոր ու հարմարավետ ավտոբուսներ՝ հրաժարվելով միկրոավտոբուսներից՝ գազելներից։
Այսօր արդեն քաղաքապետարանի կողմից գործարկվել է 100 նոր ավտոբուսների ձեռք բերման մրցույթը, որին մասնակցում է 2 կազմակերպություն։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը անդրադառնալով հայտարարված մրցույթին՝ ահազանգել էր՝ քաղաքապետարանը իրականում գնելու է նոր գազելներ, քանի որ ներկայացված պահանջները համապատասխանում են գազելների պարամետրերին։
Հակոբ Կարապետյանը նշում է մի քանի հիմնական չափորոշիչներ, որոնք պարտադիր պայման են ավտոբուսների համար ՝ հաշմանդամության սայլակների տեղաշարժման հարմարանք, սրահի բարձրություն, որի դեպքում ուղևորը կարող է հանգիստ կանգնել, օդափոխության համակարգ, երթուղու էլեկտրոնային քարտեզ և այլն։
«Եթե այսօրվա գազելներն ունեն այս հնարավորությունները, ապա տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացն անիմաստ է։ Այս տարի առանձնահատուկ է, քանզի համայնքը իր միջոցներով է գնելու ավտոբուսները»,- ասաց նա։
Մամուլի խոսնակի ներկայացմամբ մրցույթն անցկացնող հանձնաժողովը մի քանի օր կքննարկի և կուսումնասիրի երկու կազմակերպությունների ներկայացրած հայտերը, եթե չհամապատասխանեն չափանիշներին, չի բացառվում, որ նրանցից ոչ մեկը հաղթող չճանաչվի։