Մեզ 2 տարի խոստացան ավտոբուսներ, բերում են գազելներ. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօր կայանալու է 100 ավտոբուսի գնման համար նախատեսված մրցույթը, որը կարելի է ասել չի կայանալու»,- հայտարարում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Նա համոզվել է, երբ քաղաքապետ Հայկ Մարությանն ասում էր՝ նոր ցանց առանց գազելների, «նկատի ուներ ոչ թե վերացնել դրանք, այլ փոխարիներ նորերով»։
Դեռևս 2019 թվականի հուլիսին հաստատվել էր տրանսպորտային նոր ցանցի նախագիծը։ Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, որով գործարկվելու է 820 նոր ու հարմարավետ ավտոբուս և 101 տրոլեյբուս։ 100 նոր ավտոբուսների մրցույթը ներառված է նախագծի մեջ։ Նախատեսվում է երեք չափի ավտոբուսների ներդնում՝ ամենամեծը 18 մետր, միջին՝ 12 և փոքր չափի՝ 7,5-8,5 մետր։
«Երբ համեմատում ենք մրցույթով նախատեսված ավտոբուսի չափերը հասկանում ենք, որ այն լիովին համընկնում է գազելի պարամետրերի հետ։ Նրանք ուղղակի վերցրել են գազելի պարամետրերն ու ներկայացրել մրցույթի պահանջների մեջ։ Մրցույթին կամ ոչ ոք չի մասնակցի, կամ էլ կլինի նախնական պայմանավորվածություն և արդյունքում կհաղթի իրենց նախընտրելի մասնակիցը»,-ասում է նա։
Ավագանու անդամը նաև հիշեցրել է քաղաքապետի այն խոստումը, թե 450 միկրոավտոբուսները, որոնց 15 տարին լրացել է դուրս են մնալու երթուղուց, սակայն առ այսօր շարունակում են սպասարկել.
«Նշվում էր, որ դրանք պիտի դուրս գային, բայց մինչ օրս շահագործվում են։ Եթե գազելները չեն վերանում, նշանակում է երթուղային նոր ցանց չի ներդրվել, մեզ երկու տարի խոստացան ավտոբուսներ՝ բերելու են գազելներ»։
Նա հորդորում է քաղաքային իշխանություններին «թողնել մեծամիտ վերաբերմունքը», ներգրավվել մասնավոր ներդրողի, ով կառաջարկի ոչ թե նոր դիզայնով գազելներ, այլ ավտոբուսներ։