Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Հայաստանի աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների բաց առաջնությանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականները կմասնակցեն աթլետիկայի 2020թ Բալկանյան երկրների բաց առաջնություններին: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից:

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը հայտնեց, որ մեծահասակների թիմը մասնակցելու է սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում նախատեսված առաջնությանը, իսկ մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 12-13-ը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:

Մ20 տարեկանների հավաքականը նախատեսել էր այդ մրցումներին մասնակցել 6 հոգով՝ 5 աթլետ, 1՝ աթլետուհի, սակայն, ինչպես տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչը, վազորդներ Ռաֆիկ Օհանյանը և Ռազմիկ Ղազարյանը փաստաթղթային խնդիրներ ունեն, քանի որ զինակոչային տարիքում են: Մեր երիտասարդ աթլետները Թուրքիայում ելույթ կունենան մարզիչ Էրիկ Նուրիջանյանի գլխավորությամբ:

Հայաստանի մեծահասակների կազմում ընգրկված են 12 մարզիկ-մարզուհի՝ 9 աթլետ և 3 աթլետուհի: Նրանք կմրցեն տղամարդկանց 100, 200, 400, 800, 1500 և 3000մ վազքերում, սկավառակի նետումում, հեռացատկում, եռացատկում, կանայք՝ 100, 200, 400մ վազքում և մուրճի նետումում: Ռումինիայում հավաքականը հանդես կգա մարզիչներ Արսեն Պետրոսյանի և Գրիգոր Բարսեղյանի ղեկավարությամբ:

Այժմ մեր աթլետները պարապմունքներ են անցկացնում իրենց անձնական մարզիչների հետ: Ինչպես հայտնեց գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, հավաքականը ուսհավաք չի անցկացնում, քանի որ դեռ չեն ստացել ՀՀ պարետի համապատասխան թույլտվությունը: