«Ինձ համար մտահոգիչ է արդարադատության պատասխանատուի այդպիսի որակումը». Լարիսա Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հեղափոխությունը ոլորտի փոփոխության համար չէ, այն ավելի մեծ համակարգային պահանջ է, այդ տեսակետից առաջին շատ մեծ քայլը, շարժը կատարված է՝ ազատ և արդար ընտրությունների մասովէ »,- ասում է Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ) - Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը «Մեդիա կենտրոն»-ում։
Ըստ նրա՝ անվիճելի է, որ «հանրության պահանջը՝ գլխատել զավթումը», կատարվում է։
Նրա խոսքով՝ քաղհասարակությունը միշտ լինելու է դիտորդի և պահանջատիրություն ապահովողի դերում, բայց հաշվի է առնում որոշ հանգամանքներ՝ կառավարության աշխատանքը գնահատելիս։
«Չեմ ասում հեշտ է, որ մասնագիտորեն և ֆինանսապես ջլատված առողջապահական համակարգը կարողանար անթերի պայքարել պանդեմիայի իրավիճակում»,- ասում է նա։
Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր. «Կան իրավաբաններ, կան որոշ իրավապաշտպաններ, որոնք իրավունքի ոլորտի աղանդավորներ են և հասարակության որոշ խմբի համոզել են, որ դատաիրավական ոլորտում հնարավոր է մեկ ամսում կամ երկու ամսում կատարել փոփոխություններ և վերջ դնել տասնամյակներ շարունակ դատական ոլորտի ձախողումներին, և դա կարելի է արագ անել, բայց այ, որոշ պաշտոնյաներ դա խոչընդոտում են, չեն անում, խուսափում են դրանից»:
Անդրադառնալով այս ձևակերպմանը՝ Լարիսա Մինասյանը նշեց. «Ինձ համար անհասկանալի և մտահոգիչ է արդարադատության պատասխանատուի այդպիսի որակումը, որովհետև աղանդավոր բառը որևիցե քաղաքակիրթ քաղաքական դիսկուրսում չի օգտագործվում և կարծում եմ, հենց արդարադատության նախարարը պետք է բացարձակացնի խոշտանգումից զերծ մնալու իրավունքը»։
Ըստ նրա՝ միանշանակ է, որ չենք վերադառնում նախկին իշխանությունների տրամաբանությանը և քաղհասարակության տեսլականը համընկնում է իշխանության տեսլականի հետ.
«Դժվարագույն պարագաներում կարող են լինել վրիպումներ և սխալներ, կարևորն այն է, որ դրանք ընդունվեն նորմալ ձևով կամ ավելի լավ բացատրվեն, քան աղանդավոր կոչելն է »։