«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի հավաքականում
Աջակցիր «Ա1+»-ին«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՀՖՖ-ն և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այդ հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից, ուստի ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:
«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար: Եթե ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և Հայաստանի համար, երկիր, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն», - ՀՖՖ պաշտոնական կայքով մեկնաբանել է կոլումբիացի ֆուտբոլիստը:
Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին, Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․
«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008
«Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011
«Աթլետիկո Ուիլյա» (Կոլումբիա) – 2011
«Ալիանսա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013
«Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015
«Գանձասար-Կապան» – 2015-