Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայկ Մ. Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը կմասնակցեն Մագնուս Կառլսենի գլխավորած մրցաշարին

Հայաստանի շախմատիստներ Հայկ Մ. Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը կմասնակցեն Katara International Chess Tournament առցանց շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլին, որտեղ հանդես կգա նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:

Մեր գրոսմայստերները նախ մասնակցեցին որակավորման փուլի երեք մրցաշարերին: Հայկ Մ. Մարտիրոսյանն առաջին մրցաշարում արդեն հաղթանակ տարավ և նվաճեց եզրափակիչի 15 ուղեգրերից մեկը: Շանթ Սարգսյանը 2-րդ մրցաշարում գրավեց 2-րդ տեղը և նույնպես մտավ եզրափակիչ: Իսկ ահա Զավեն Անդրիասյանին ու Մանուել Պետրոսյանին դա չհաջողվեց: Եզրափակիչ փուլ մտավ նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Դավիթ Պառավյանը:

Katara International Chess Tournament-ի եզրափակիչ մրցաշարը կկայանա օգոստոսի 26-ին և կանցկացվի նոկաուտ համակարգով: Մրցակիցները իրար հետ մեկ րոպեանոց 12-ական պարտիա կխաղան: Հաղթող կճանաչվի առաջինը 6,5 միավոր վաստակող շախմատիստը: Ոչ-ոքիի դեպքում պայքարը կշարունակվի մինչև կողմերից մեկի առաջին հաղթանակը:

 Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 10 հազար դոլար է: Հաղթողը կստանա 3 հազար, 2-րդ տեղը՝ 1500, 3-4-րդ տեղերը՝ 750-ական, 5-8-րդ տեղերը՝ 500-ական, 9-16-րդ տեղերը՝ 250-ական դոլար պարգևավճար: