Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

 Անգլերենի ուսուցչուհու բիզնես դարձած հոբբին

 Շիրակամուտ (Նալբանդ) գյուղի դպրոցի  անգլերենի ուսուցչուհի Սիրանուշ Արշակունին, դպրոցից  վերադառնալով, չի հանգստանում։  Ավելի ճիշտ հանգստանում է՝   թելերին նոր կյանքով տալով։  42-ամյա  Սիրանուշին 5-6 տարեկանում տատիկն է սովորեցրել գործել։  Չի մտածել, որ սիրելի հոբբին մի օր գումար աշխատելու միջոց կդառնա։

Հիշում է՝ առաջին  պատվերը ստացել է  19 տարեկանում։  «Ինձ համար շարֆ ու գլխարկ էի գործել , կուրսընկերուհիս շատ հավանեց ու պատվիրեց, գինն էլ ինքը որոշեց, ասաց՝ պետք ա գնահատես աշխատանքդ»,- պատմում է նա։

Երբ նրա գործած հագուստն ու խաղալիքները սկսեցին աննախադեպ  հետաքրքրության արժանանալ, հիմնեց «Knitting by SirA» փոքրիկ բիզնեսը։ Ընկերներն ու դուստրերը ոգեւորեցին։

 «Այս ամենն ինձ համար լրացուցիչ եկամտի աղբյուր է, բայց բացի դա, ես մեծ բավականություն եմ ստանում գործելուց»,- ասում է Սիրանուշը։

Գործվածքների համար թել ընտրելիս շատ ուշադիր է․ «Թող թանկ լինի, բայց որակով։ Գործում եմ հակաալերգիկ թելերով ու գրեթե բոլոր պատվերների հետ անակնկալներ նվերներ պատրաստում»։

Ասում է՝ կորոնավիրուսով պայմանավորված ՝ ավելի շատ այս պահին հետաքրքրվողներն ու հիացողներն են, քան պատվիրատուները, սակայն չի դժգոհում։

Թեկուզ քիչ, բայց պատվերներ լինում են, աշխատանքը պատրաստ է լինում 1-10 օրվա ընթացքում՝ կախված բարդությունից ու ծավալից։

117910440_308861480174324_8400141478159921055_n.jpg (39 KB)