Վեդիի ավագ դպրոցի ճանապարհն այս տարի էլ չեն ասֆալտապատի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎեդի քաղաքի ավագ դպրոց տանող ճանապարհի բարեկարգումը տարիներ շարունակ մնում է քաղաքի առաջնային խնդիրներից մեկը։
Աշնանն ու գարնանը անձրևի հետեւանքով առաջացած ջրափոսերը դժվարանցանելի են դարձնում բնակիչների և մեքենաների բնականոն երթևեկությունը:
«Նման խնդիր ունենք և դա ոչ միայն ավագ դպրոց տանող ճանապարհն է, այլ նաև քաղաքը շրջանցող ճանապարհն է»,- «Ա1+»-ին ասում է Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը։
Դեռեւս 2017 թվականին համայնքապետարանը նախագիծ - նախահաշիվ է կազմել, ըստ որի բարեկարգման համար անհրաժեշտ է մոտ 200 մլն դրամ։
Վարուժան Բարսեղյանի խոսքով՝ համայնքի միջոցների հաշվին հնարավոր չէ լուծել խնդիրը.
«Այն մեծ ծրագիր է և ներառված է նաև քաղաքի 2016-2021 թվականների հնգամյա ծրագրում։ Մենք բազմիցս դիմել ենք կառավարությանը, որպեսզի այս խնդիրը իր լուծումը գտնի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
Հնարավոր է, որ հաջորդ տարվա ճանապարհաշինության ծրագրերում ընդգրկվի նաև այս խնդիրը։
Այսինքն՝ այս տարի եւս դպրոց տանող ճանապարհը աշնանը կդառնա նույնքան անանցանելի, ինչպես նախորդ տարիներին։