Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջապես մեկնեցին

Սպորտ

Մարմնամարզության Հայաստանի թիմը երեկ վերջապես կարողացավ մեկնել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն, ապա Բիրմինգհեմ, որտեղ տեղի կունենա սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հիշեցնենք, որ ավիաչվերթներ չլինելու պատճառով մեր մարզիկները ապրիլի 17-ից սկսած չէին կարողանում մեկնել մրցավայր:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին, որ Եվրոպայի առաջնությանը հանդես կգան մեր երեք մարզիկներ. մեծահասակների մրցումներին կմասնակցի Վահագն Դավթյանը, պատանիների մրցաշարին` Վահան Վարդանյանն ու Արթուր Դավթյանը: Նշենք, որ հենց այս առաջնությունում պետք է խաղարկվեն Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը:

Ավաղ, Վահան Վարդանյանն ու Արթուր Դավթյանը արդեն այսօր կմտնեն մրցասպարեզ եւ կպայքարեն մեդալների եւ ուղեգրերի համար, իսկ դա մեծ ծանրաբեռնվածություն կլինի նրանց համար, քանի որ երկարատեւ ճանապարհորդությունից հետո նրանք նույնիսկ չեն հասցրել մի փոքր հանգստանալ: