Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Քաղաքական ուժերից ամեն մեկը վերմակն իր կողմն է քաշում․Հակոբկոխյանը 7 օր է՝ հացադուլ է անում (տեսանյութ)

Իմ առողջական վիճակը հիանալի է և աննման, իմ առողջական վիճակը իմ ազգից է գալիս։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց արդեն 7 օր հացադուլի մեջ գտնվող, բռնցքամարտի աշխարհի 1989 թ. չեմպիոն, Բարի կամքի խաղերի կրկնակի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը։
Վերջինս պնդեց՝ իր պահանջները միանշանակ նույնն են մնացել։

Հիշեցնենք՝ Հակոբկոխյանը յոթ կոնկրետ պահանջ ունի. 

Ոչ՝ ստամբուլյան կոնվենցիային, 

Ոչ՝ Լանզարոտեի կոնվենցիային, 

Ոչ՝ թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին, 

Ոչ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին, 

Ոչ՝ մեր պատմության կեղծմանը, 

Ոչ՝ Ամուլսարի շահագործմանը, 

Ոչ՝ անօրինական բռնություններին:

Ութերորդ տողում էլ գրել է՝ «Ոչ» ու կախման կետեր դրել:

Նրա վստահեցմամբ՝ իրեն աջակցում են հանճարեղ մարդկանցից մինչև հասարակ քաղաքացիներ, իսկ հացադուլը կդադարեցնի միայն մեկ դեպքում․

«Երբ կհամոզվեմ, որ մեր քաղաքական գործիչները խելքի են եկել, մեկը մյուսին զանգել են, հավաքվել են, որ միասին զրուցեն, տեսնենք՝ այս անդունդից ոնց ենք դուրս գալիս, այդ ժամանակ ես անելիք չունեմ, կվազեմ տուն, կհանգստանամ, կհասնեմ աշակերտներիս»։

Հակոբկոխյանն ասում է՝ քաղաքական գրեթե բոլոր ուժերը եկել, իրենց աջակցությունն են հայտնել, բայց ինքը քաղաքական գործիչ չէ, քաղաքական շահարկումների հետ կապված էլ մտահոգություններ չունի․

«Ոնց հասկանում եմ՝ քաղաքական ուժերը ամեն մեկը վերմակը իր կողմն է քաշում, ու ինքն է ուզում ծանրության կենտրոնը լինի, ես էլ իրենց ասում եմ՝ ամբիցիաները վայր դրեք, տեսնենք՝ ոնց ենք սրանց հեռացնում, հետո, երբ ընտրություններ լինի, կտեսնենք՝ որը կընտրվի, կընտրվի»։