Հավաք ընդամենը 2 օրով
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը ապրիլի 27-28-ին երկօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում, որին կմասնակցեն միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները: Առաջին օրը մեր թիմը մարզում կանցկացնի, իսկ երկրորդ օրը ստուգողական խաղ կանցկացնի երիտասարդական հավաքականի հետ, 30-ական խաղակեսերով:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակի առաջիկա օրերին: «Արդեն պատրաստ է հրավիրվող ֆուտբոլիստների ցուցակը, սակայն հնարավոր է որոշակի փոփոխություններ կատարեմ առաջնության հերթական տուրի խաղերից հետո, որոնք կկայանան ապրիլի 25-ին: Նմանատիպ հավաք նախատեսել ենք նաեւ մայիսի 1-2-ին: Ցանկանում ենք նաեւ ընկերական պաշտոնական հանդիպում անցկացնել մայիսին, հնարավորության դեպքում նույնիսկ երկու խաղ»,-ասաց նա:
Ի դեպ, այս օրերին տեղական ֆուտբոլիստներով հավաք է անցկացնում նաեւ մեր հարեւան Ադրբեջանի հավաքականը, որը տեւելու է 4 օր: Սակայն այն արդեն առաջացրել է տեղի «Ղարաբաղ» թիմի գլխավոր մարզչի դժգոհությունը: Ադրբեջանցիների գլխավոր մարզիչ, գերմանացի մասնագետ Բերտի Ֆոգստը հայտարարել է, որ այլեւս մտադիր չէ անցկացնել նման հավաքներ: