Նորություն չեղավ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Երեւանի «Բանանցը», հյուրընկալվելիս հաղթելով Աշտարակի «Միկային»` 2:0, մտավ եզրափակիչ:
Դաշտի տերերն առաջին խաղից հետո թեթեւակի առավելություն ունեին, քանի որ մրցակցի հարկի տակ արդյունավետ ոչ-ոքի էին խաղացել (1:1), ուստի եզրափակիչի ուղեգիր կնվաճեին, եթե անառիկ պահեին սեփական դարպասը: Սակայն հանդիպման 22-րդ րոպեին նրանք կոպիտ սխալ թույլ տվեցին պաշտպանությունում, եւ «Բանանցի» բրազիլացի հարձակվող Դոս Սանթոսը առաջ մղեց իր թիմին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «միկա»-ցիները կրկին սխալվեցին թիկունքում եւ հյուրերի մյուս լեգեոնական Օրտեգան կրկնապատկեց հաշիվը:
Հանդիպման 60-րդ րոպեին «Միկան» չնայած թվային առավելություն ստացավ (երկրորդ դեղին քարտ ստանալու համար հեռացվեց «Բանանցի» ձախ եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը), բայց չկարողացավ այն վերածել նյութականի: Խաղի հաշիվն այդպես էլ անփոփոխ մնաց` 2:0:
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանն իր թիմի պարտությունը բացատրեց ֆուտբոլիստների խաղում թարմություն չլինելով եւ թիմում առաջատարի (լիդերի) բացակայությամբ:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին ասաց, որ իր թիմը արժանի հաղթանակ տարավ եւ արժանիորեն մտավ եզրափակիչ: «Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին հաղթանակի կապակցությամբ: Նրանք այսօր բավական գրագետ գործեցին տակտիկապես եւ վտանգավոր մրցակցին հակախաղի հնարավորություն չտվեցին»,-ասաց նա:
Այդպիսով, ֆուտբոլի Հայաստանի գավաթը երկրորդ տարին անընդմեջ կվիճարկեն «Փյունիկն» ու «Բանանցը»: Բացի այդ, «Բանանցը» չորրորդ տարին անընդմեջ մտավ եզրափակիչ, ինչը նոր ռեկորդ է գավաթի խաղարկության պատմության մեջ: