Օրենքները չեն գործում
Աջակցիր «Ա1+»-ին«Սեդա Ղազարյանի Հիշատակի» հիմնադրամի գրասենյակում այսօր մամուլի ասուլիս կազմակերպեց Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ), որին մասնակցեցին ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը, ֆեդերացիայի աշխատանքների համակարգող Վարդուհի Արամյանը եւ վերջերս ՌԴ հաշմանդամային լողի առաջնությունից արծաթե մեդալներով վերադարձած մեր լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը։
Սամվել Ռոստոմյանը բացման խոսքում ասաց, որ ապրիլի 14-ին լրացավ ՀՍՀԱՖ-ի մրջազգային ֆեդերացիային անդամակցելու մեկ տարին: Ամփոփելով մեկ տարում կատարած աշխատանքները, նա ասաց. «Մենք այդ ընթացքում ձեւավորեցինք 6 մարզաձեւերի խմբեր: Սկզբում կազմակերպեցինք հավաքներ, ապա ցուցադրական մրցումներ, իսկ վերջում անցկացրինք Հայաստանի առաջնություններ գոլբոլից, հաշմանդամային լողից եւ լեռնադահուկային սպորտից»:
Սակայն հետագայում պարզվեց, որ այդ ձեռքբերումների հետ միասին կան նաեւ բազմաթիվ չլուծված հարցեր կապված հաշմանդամային սպորտի հետ: Մասնավորապես`Վարդուհի Արամյանն ասաց, որ մեր մոտ չկա հաշմանդամային սպորտի զարգացման պետական քաղաքականություն, բացի այդ բոլոր այն օրենքները, որոնք վերաբերում են դրան, չեն գործում:
«Մինչեւ 2009 թ լողավազանների տնօրենները հաշմանդամ լողորդներին չէին թողնում օգտվել դրանցից: Այժմ նման խնդիրներ չունենք, որովհետեւ մեզ օգնում է լողի հանրապետական ֆեդերացիան, որն Հայաստանի այս տարվա առաջնությունը սկսեց հաշմանդամ լողորդների մրցումներով: Սակայն սա եզակի երեւույթ է մեր մոտ: Իսկ ահա 166 պետական մարզադպրոցներից ոչ մեկում չեն գործում խմբակներ հաշմանդամ երեխաների համար, չնայած դա օրենքի պահանջներից մեկն է»,-ասաց նա:
Սամվել Ռոստոմյանն ավելացրեց, որ ՀՍՀԱՖ-ին առայժմ ֆինանսավորում է Եվրոպայի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, սակայն այն կավարտվի 2011 թվականին:
«Եվրոպական ֆեդերացիան մեզ տրամադրել է 127 հազար եվրո երկու տարվա համար` համապատասխան գույք ձեռք բերելու եւ նյութատեխնիկական բազա ստեղծելու համար: Դրանից հետո մենք ինքներս պետք է հոգանք մեր ծախսերը: Հույս ունենք, որ 2011-ից ՀՍՀԱՖ-ն կֆինանսավորվի պետության կողմից, ինչպես, օրինակ այն 4 կազմակերպությունները, որոնք նույնպես կապ ունեն հաշմանդամային սպորտի հետ: Դրանք են հատուկ օլիմպիադաները, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն, խուլ-համրերի մարզական միությունը եւ կույրերի մարզական միությունը»,-ավելացրեց նրա:
Սամվել Ռոստոմյանը գտնում է, որ մեր մոտ հարկավոր է ոչ թե ստեպ-ստեպ կազմակերպել մարզական տոներ հաշմանդամների համար, այլ զարգացնել հաշմանդամային սպորտը եւ ամեն տարի անցկացնել հանրապետական առաջնություններ:
Վերջում ՀՍՀԱՖ-ի նախագահը դրամական պարգեւ վճարեց լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանին, որն ֆեդերացիայի առաջին մարզուհին է, որը մեծ հաջողության է հասել միջազգային մրցաշարում: Երկու խոսք 15-ամյա մարզուհու մասին: Նա լողով պարապում է 10 տարեկանից: Երազում է ձեռք բերել միջազգային կարգ եւ հաղթող դառնալ աշխարհի չեմպիոնուհի: