«Ինտերի» առաջին լուրջ քայլը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Միլանի «Ինտերը» իր հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ լուրջ հայտ ներկայացրեց եզրափակիչ մտնելու համար:
Այս խաղում հյուրերի հետ չար կատակ խաղաց արագ խփված գոլը: 19-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո Պեդրիտոն դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Դրանից հետո բարսելոնացիները մի տեսակ հանգստացան, որից անմիջապես օգտվեցին դաշտի տերերը եւ շատ արագ էլ վերականգնեցին հավասարակշռությունը (աչքի ընկավ հոլանդացի Վեսլի Սնայդերը):
Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսի սկզբում, երբ «Ինտերը» 12 րոպեի ընթացքում երկու գոլ խփեց եւ առաջ անցավ հաշվի մեջ` 3:1: Նախ աջ եզրից կատարված փոխանցումը եզրափակեց բրազիլացի պաշտպան Մայկոնը, ապա նույն եղանակով հյուրերի դարպասը գրավեց արգենտինացի Դիեգո Միլիտոն: Կողմերի հետագա ջանքերն ապարդյուն անցան եւ հաշիվն այդպես էլ մնաց անփոփոխ:
Ի դեպ, խաղից հետո «Ինտերի» հարձակվող Մարիո Բալոտելին հաղթանակը նշելու փոխարեն մարզաշապիկը հանել է վրայից եւ նետել հատակին: Դա դուր չի եկել թիմի պաշտպան Մարկո Մատերացիին, որն հանդերձարան տանող թունելում բռունցքներով հարձակվել է խաղընկերոջ վրա եւ փորձել «դաստիարակել հանդուգն երիտասարդին»:
Այսօր տեղի կունենա կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը: Մյունխենում տեղի «Բավարիան» կհյուրընկալի «Լիոնին»: