Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս անգամ էլ չստացվեց

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» կրկին հաղթեց Երեւանի «Ուլիսին»` 1:0 (առաջին խաղը` 2:0) եւ առաջինը մտավ եզրափակիչ: Միակ գոլը 75-րդ րոպեին խփեց փյունիկցիների ավագ Կառլեն Մկրտչյանը:

«Առաջին խաղակեսում մեր խաղը չստացվեց: Երկրորդում փոփոխություններ կատարեցինք եւ ինչ-որ չափով կարգավորեցինք թիմի խաղը: «Ուլիսը» վտանգավոր մրցակից է, ուստի մենք իրավունք չունեինք թուլացնելու խաղի տեմպը», - հանդիպումից հետո մեկնաբանեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Մեր առաջին խնդիրն էր վստահ խաղալ պաշտպանությունում, որպեսզի ընդհանուր հաշվի տարբերությունն ավելի չմեծանար, - մամուլի ասուլիսին ասաց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը, - Երկրորդ խնդիրն էր գոլեր խփել եւ հասնել դրական արդյունքի: Երկրորդ խաղակեսում դաշտ մտցրինք համարյա մեր բոլոր հարձակվողներին, բայց ոչինչ չստացվեց: Իսկ գոլ բաց թողելուց հետո արդեն դժվար էր տրամադրվել պայքարի: Ցավոք, այսօր կրկին կադրային խնդիրներ ունեինք եւ չկարողացանք հանդես գալ հիմնական կազմով»:

Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը: Աշտարակի «Միկան» իր հարկի տակ կհյուրընկալի Երեւանի «Բանանցին»: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի (1:1):