Բացել լրահոսը Փակել լրահոսը
աղջիկ
A A
Հասարակություն

Աղջիկն այսօր ուտելիք  է տարել բնությանը

Կորանավիրուսը 23-ամյա Մարիամ Ղազարենցին թույլ չի  տալիս այս օրը  տոնել այնպես, ինչպես կցանկանար:  Բայց Նավասարդը չնշել, ինչպես ինքն է  ասում, չի կարող: Հին հայկական տոնացույցում այսօր Նավասարդ է՝ Նոր տարի:  

«Նավասարդը ինձ համար տարվա ամենակարեւոր տոներից է: Տարօրինակ ու խենթ կհնչի, բայց տանը եղած ուտելիքներից բաժին եմ հանում ու տանում դաշտ՝  ի նշան շնորհակալության բնությանը իր ընծայած բարիքների համար», - պատմում է Մարիամ Ղազարենցը:  Նրա  ընտանիքի անդամներին նույնպես զարմացնում է Աստվածամոր  անունը կրող աղջկա՝ մայր բնությանը հարգանքի տուրք  մատուցելու հեթանոսական եղանակը:

«Պետք չի ֆիքսվել այն փաստի վրա, որ տոնը հեթանոսական արմատներ ունի, այլ պետք է շեշտել այն փաստը, որ տարին, իրոք,  այդ օրից է սկսվում, այդ ժամանակ է, երբ բերքն ու բարիքը հասունանում է  ու առատ է»,- նշում է նա:

Մարիամը կարծում է, որ պետք է  վերադառնալ արմատներին եւ նշել  Նավասարդը:

 « Բայց ինչո՞ւ  նշել անհասկանալի ինչ-որ հունվարի մեկ, եթե կա լրիվ հիմնավոր օգոստոսի 11։ Ոչ ոք չի ասում գնացեք ու Ամանորին ու Վանատուրին զոհ մատուցեք, արդի աշխարհում դա նորմալ էլ չի, բայց ես դեմ չեմ լինի եթե Նավասարդին, Վարդեվառին, Գարնանամուտին էնպիսի միջոցառումներ տեսնել, որոնք տեղային ու հազարմայակների ծագում ունեն»,-ասում է աղջիկը, որը  հայրենի գյուղում՝  Եղիպատրուշում էթնո տուրեր է կազմակերպում  զբոաշրջիկների համար:

Ըստ ավանդապատումների՝  հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։  Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։