Հրաբուխի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզության եւ ձյուդոյի հավաքականները այդ մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունից առաջ լուրջ խնդիրների առջեւ են հայտնվել: Բանն այն է, որ մեր թիմերը չեն կարողանում թռչել Երեւանից եւ հասնել մրցավայրեր` համապատասխանաբար անգլիական Բիրմինգհեմ եւ Ավստրիայի մայրաքաղաք Վիենա:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայում, մեր ընտրանին դեռ ապրիլի 17-ին պետք է Երեւան - Պրահա - Լոնոդոն չվերթով մեկներ Անգլիայի մայրաքաղաք, սակայն Իսլանդիայում գտնվող Էյաֆյատլայոկուլ հրաբխի ժայթքումից հետո Եվրոպայում մեկ շաբաթից ավելի է հետաձգվում են ավիաչվերթները:
«Ոչ միայն մենք, այլեւ եւս 15 երկրների մարմնամարզության հավաքականները հայտնվել են անորոշ վիճակում եւ չեն կարողանում մեկնել Բիրմինգհեմ, այդ թվում նաեւ Ռուսաստանի ուժեղ թիմերը, - նշեց մեր հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանը, - Առաջնության կազմակերպիչները չեն պատրաստվում հետաձգել այն, այնպես որ, եթե առաջիկա մեկ օրում չկարողանանք մեկնել Լոնդոն, ապա ստիպված բաց կթողնենք առաջնությունը»:
Հակոբ Սերոբյանը նաեւ ավելացրեց, որ խնդիրներից մեկն այն է, որ իրենք Մեծ Բրիտանիայի մուտքի թույլտվություն ունեն, ինչը խնդիրներ կառաջացներ, եթե փորձեին Անգլիա հասնել ցամաքային տրանսպորտով: «Իհարկե կարելի էր մեկնել Եվրոպայի այն երկիր, որտեղ փակ չեն օդային ճանապարհները, ապա երկաթուղով հասնել Լոնդոն: Սակայն Մեծ Բրիտանիայի մուտքի թույլտվությունը հնարավորություն չի տալիս ազատ երթեւեկել Եվրոմիության երկրներով: Բացի այդ, Եվրոպայում ներկայումս մեծ խնդիր է երկաթուղային տոմսեր ձեռք բերելը»:
Հայաստանի ձյուդոյի հավաքականը պատրաստվում է Մոսկվայով մեկնել մրցավայր, սակայն Մոսկվա - Վիենա չվերթը վերջին օրերին չէր իրականացնում: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, հավաքականը պատրաստվում է մեկնել Մոսկվա, քանի որ լուր է ստացվել, որ Վիենայի չվերթը կայանալու է: Հավելենք, որ եթե մեր պատվիրակությանը հաջողվի ժամանակին հասնել մրցավայր, ապա Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երեք ձյուդոիստներ. 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ)։