Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավատեսություն 0:2-ից հետո

Սպորտ

Այսօր հայտնի կդառնա ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը: Կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» կհյուրընկալի Երեւանի «Ուլիսին»: Խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավատվել էր փյունիկցիների հաղթանակով` 2:0:

Չնայած առաջին խաղում կրած պարտությանը, «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը լավատես է եւ հույս ունի հաղթահարել կիսաեզրափակիչ արգելքը:
«Ֆուտբոլում ասում են, որ երեք անգամ անընդմեջ չեն պարտվում նույն թիմին («Ուլիսի» գլխավոր մարզիչը նկատի ունի նաեւ 4 օր առաջ առաջնությունում «Փյունիկից» կրած պարտությունը), այնպես որ հույս ունենք, որ այս անգամ դրական արդյունքի կհասնենք: Մենք կորցնելու արդեն ոչինչ չունենք, ուստի մտնելու են դաշտ եւ պայքարելու եզրափակիչ մտնելու համար:

Ճիշտ է, որոշ կադրային խնդիրներ են առաջացել խաղից առաջ: Որակազրկման պատճառով չեն կարող մասնակցել մեր երկու առաջատար խաղացողներ Վալերի Ալեքսանյանն ու Կարեն Ալեքսանյանը: Ցավոք, տարբեր պատճառներով մեզ արդեն մի քանի խաղ է չի հաջողվում հանդես գալ օպտիմալ կազմով»:

Սեւադա Արզումանյանը գնահատելով թիմերի շանսերն այսօրվա խաղում, նշեց, որ սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելու հետո անհամեստ կլինի կողմերի հնարավորությունները հավասար համարել, սակայն միաժամանակ գտնում է, որ դեռ ամեն ինչ չէ կորսված: