Մասնակցել, թե չմասնակցել
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը Մոնտե Կառլոյի Rolex Masters խոշոր մրցաշարում հասավ 1/4 եզրափակիչ` պարտվելով աշխարհի 2-րդ ռակետ Ջոկովիչին, պատրաստվում է հանդես գալ այսօր Բարսելոնայում մեկնարկող միջազգային մրցաշարին: Առաջին փուլում Նալբանդյանը պետք է հանդիպի ավստրիացի թենիսիստ Յուրգեն Մելցերի հետ:
Սակայն անվանի մարզիկի անձնական բժիշկ Անխել Ռուիս Կոտորոն նրան խորհուրդ է տվել բաց թողնել այս մրցաշարը. «Նալբանդյանը Մոնտե Կառլոյի մրցաշարից հետո որոշակի խնդիրներ ուներ կապված ձախ ոտքի ծնկի հետ: Համենայնդեպս, նրան այժմ հանգիստ է պետք, որպեսզի կարողանա վերականգնել ուժերը եւ պատրաստվի Հռոմի միջազգային մրցաշարին»:
Նշենք, որ Դավիթ Նալբանդյանը երեկ երեկոյան չի մասնակցել մրցաշարի բացմանը նվիրված շնորհանդեսին: Սակայն կազմակերպիչները հատուկ հրավերք են ուղարկել արգենտինահայ թենիսիստին եւ հույս ունեն, որ նա, այնուամենայնիվ, կմասնակցի մրցաշարին: Ամեն ինչ պարզ կդառնա այսօր, երբ կգա Նալբանդյան - Մելցեր հանդիպման սկսելու ժամը: