Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների հաղորդման հիման վրա (տեսանյութ)

ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրին, որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել իրենց հաղորդման հիման վրա։ 

Նրանք պատրաստվում են ՀՔԾ-ի այս որոշումը  բողոքարկել Գլխավոր դատախազությունում, և հետագայում նաև դատական կարգով։ 

Հիշեցնենք, որ երեք կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց՝ իրենց բողոքի հիմքում դրված է այն, որ կուսակցությունները հաղորդման մեջ մատնանշել էին մի շարք փաստեր, որոնցով ցույց էին տալիս, թե ինչպես է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը փորձել իրականացնել իր հանցավոր մտադրությունը, այն է, ըստ կուսակցությունների ներկայացուցիչների, ՍԴ լիազորությունները զավթելը

«Ավագ քննիչն այս փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ, ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր հանցավոր այս մտադրությունը, մանրամասնություններով չի ուսումնասիրել»,-նշեց Մինասյանը։

Դրա փոխարեն, ըստ Մինասյանի, ավագ քննիչը վերցրել է բոլոր փաստարկումներից 1-2 դրվագ, դրանցով հղում տվել ինչ-որ անբացատրելի գործողության, և համարել է, որ այդ փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար։

Արծվիկ Մինասյանը պնդեց՝ ՀՔԾ-ի պատասխանատու անձը չի իրականացրել անաչառ, բազմակողմ և ամբողջական վերլուծություն, չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները և եզրակացրել է, որ քրեական հանցագործություն թույլ չի տրվել․

 «Մեր կարծիքով՝ ՀՔԾ իրավասու անձը ոչ միայն դուրս է եկել իր լիազորություններից, այլև ակնհայտորեն խեղաթյուրելով իրավիճակը՝ ներկայացրել է մի պատկեր, թե իբր ամեն ինչ օրինական գործընթացով է կատարվել, և անձինք թույլ չեն տվել քրեորեն պատժելի արարքներ»։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, իր հերթին անդրադառնալով ՀՔԾ որոշմանը, համոզմունք հայտնեց, թե իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսվել են շատ վաղուց

«Այն պահից, երբ քաղաքական իշխանությունն իր երկու՝ գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ՝ դատական ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություններ»։

Բաբայանն ընդգծեց՝ պետական մարմինները կարող են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով, մինչդեռ, ըստ Բաբայանի, ՀՔԾ քննիչը նշում է, թե եթե ԱԺ-ում քվեարկությունը բացասական է, ապա չկա սահմանված, թե ինչ պետք է անի ԱԺ-ն

«ՀՔԾ-ն, իրեն դնելով ՍԴ-ի տեղը, կարծում է, որ ԱԺ-ն ճիշտ է արել, քանի որ եթե օրենքով սահմանված չէ, ապա ԱԺ-ն կարող էր սահմանադրական փոփոխությունների նախագիծն առանց ՍԴ ուղարկելու քվեարկել և երկու ընթերցմամբ անցկացնել»,-հայտարարեց Արսեն Բաբայանը:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն իր հերթին համոզմունք հայտնեց, թե մեկ տարի է` իշխանությունները լծված են Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի աշխատակազմով համալրելու գործին՝ իշխանահաճո որոշումներ կայացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված։

Տոնոյանն ասաց՝ չեն մասնակցելու ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրությանը

«ՍԴ-ի հետ կապված ամբողջ գործընթացը մենք որակել ենք հակաօրինական և հակաիրավական: Այս դեպքում, անկախ դատավորների ներկայացված թեկնածություններից, մեր մասնակցությամբ չենք պատրաստվում օրինականացնել այս գործընթացը»: