Գերմանացիները դժգոհ են ֆրանսիացիներից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական գավաթի խաղարկություններին մասնակցող թիմերը հաճախ են դիմում իրենց երկրների ֆուտբոլի ֆեդերացիաններին, ներքին առաջնության հանդիպումները հետաձգելու խնդրանքով, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան պատրաստվելու եվրոպական խաղերին:
Երեկ այդպիսի քայլի է դիմել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի մասնակից «Լիոնը»: Ֆրանսիայի ՖՖ-ն ընդառաջել է լիոնցիներին եւ հետաձգել է ապրիլի 24-ին «Մոնակոյի» հետ նախատեսված հանդիպումը:
Դա զայրացրել է Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուիս վան Գալին: Նա ՈՒԵՖԱ-ին կոչ է արել միջամտել այդ հարցում. «Ես եւ ակումբի գործադիր տնօրեն Քրիստիան Ներլինգերը դիմել ենք ՈՒԵՖԱ-ին եւ առաջարկել, որպեսզի թույլ չտա Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել այդ հանդիպումը: Բացահայտ է, որ ՖՖՖ-ն ցանկանում է օգնել «Լիոնին», մեր հետ խաղերին ավելի լավ պատրաստվելու համար»:
Լուիս վան Գալը գտնում է, որ մրցաշարին մասնակցող բոլոր թիմերը պետք է հավասար պայմաններում գտնվեն. «ՈՒԵՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, քանի որ նման դեպքում թիմերից մեկը հայտնվում է անհավասար պայմաններում, իսկ դա արդեն հակասում է «Ազնիվ խաղի» պահանջներին: Իհարկե, եվրոխաղերից առաջ կարելի է առաջնության խաղերը մեկ օրով տեղափոխել, բայց լրիվ հետաձգումը` պարզապես թյուրիմացություն է»:
Հիշեցնենք, որ «Բավարիան» ու «Լիոնը» չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ զույգերից մեկն են կազմել: Առաջին խաղը պետք է տեղի ունենա ապրիլի 21-ին, Մյունխենում, իսկ երկրորդը` 27-ին, Լիոնում: