Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թուրքիան-«շախ-է-անում»1-1
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Այս պայթյունը կարելի է պայմանավորել Լիբանանի սոցիալ-տնտեսական կյանքում եղած արատավոր երևույթներով. արաբագետ

Բեյրութում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը, նախնական տվյալներով, գերազանցում է 100-ը: Կան հազարավոր վիրավորներ: Զոհերի թվում, ցավոք, հայազգի 6 զոհ կա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը, «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունին, նշեց, որ այն կարելի է պայմանավորել Լիբանանի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքում եղած արատավոր երևույթներով, «որոնք անցած տարվա հոկտեմբեր ամսից հանգեցրել են այդ երկրում լուրջ ճգնաժամի»:

Նրա խոսքով` Լիբանանում առկա քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամին այս տարի գումարվել էր նաև առողջապահական ճգնաժամը.

«Արատավոր երևույթները, անփութությունը, որը կար այդ երկրի քաղաքական համակարգում, պետական կառավարման համակարգում, նաև դրսևորում ստացավ նման համակարգում` ցավալիորեն դառնալով մարդկային և նյութական կորուստների պաճառ»:

Արաբագետի համոզմամբ` Լիբանանում տարիներ շարունակ խորքային համակարգային խնդիրներ են եղել.

«Հայտնի է, որ այդ պայթուցիկ նյութերը մի քանի տարի է՝ առգրավված են եղել և պահվել են Բեյրութի նավահանգստի պահեստներում, իսկ նման անփություն դրսևորելը հանցավոր է և հանգեցրեց նման դրսևորման: Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ այս պայթյունը հավասարազոր է մոտավորապես 4.5 բալանոց երկրաշարժի»:

Ինչ վերաբերում է Լիբանանում բնակվող հայ համայնքին, արաբագետն ասում է.

«Ես կարծում եմ, որ նաև այս պայթյունից հետ, քանի որ բավականաչափ լուրջ նյութական վնասներ է կրել լիբանանահայ համայնքը, դրան գումարած նաև այն լուրջ սոցիալ-տնտեսական խնդրիները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են և ավելի խորացել են վերջին ամիսների ընթացքում, կորոնավիրուսի համավարակի ավարտից և միջազգային կապերի վերկանգնումից հետո, կնպաստեն լիբանանահայության արտագաղթին»:

Արաբագետը չի բացառում, որ մեծ ներհոսք կլինի նաև Հայաստան և պնդում է, որ մեր երկիրը պետք է նախաձեռնի անհրաժեշտ ծրագրեր՝ ներհոսքը խթանելու համար.

«Լիբանանահայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենակայացած, ամենազարգացած և ամենազդեցիկ համայնքներից մեկն է, և նաև նրա ներկայացուցիչներից հայտնի մասնագետների ներուժը չպետք է կորցնել»,- ասաց նա: