Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվաճեցին իրավունք

Սպորտ

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը, 2010 թ աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Բ» խմբի երկրորդ խաղում հաղթելով Հյուսիսային Կորեայի ընտրանուն, մտավ եզրափակիչ եւ կպայքարի 2-րդ դիվիզիոնի ուղեգրի համար:

Խաղը բավական անհաջող սկսվեց մեր թիմի համար: Հյուրերը սկզբում երկու գոլ խփեցին եւ արագ առաջ անցան հաշվի մեջ: Ճիշտ է, մեր հոկեյիստներին հաջողվեց կրճատել այն, բայց հյուսիսկորեացիները շուտով խփեցին երրորդ գոլը: Ի դեպ, այս գոլից հետո խաղի կազմակերպիչները միացրեցին հայկական ուրախ երաժշտություն, եւ հանդիսականներն ակամայից սկսեցին ծափ տալ եւ ուրախանալ:

Երկրորդ 20 րոպեին Հայաստանի հավաքականն ավելի կազմակերպված ու արդյունավետ խաղ ցուցադրեց եւ կարողացավ նույնիսկ առաջ անցնել հաշվի մեջ, ընդ որում` այն փոխվում էր ֆանտաստիկ ձեւով` 3:3, 3:4, 5:4, 5:5, 6:5:

Այս խաղակեսում տեղի ունեցավ եւս մեկ տարօրինակ միջադեպ: Առաջին խաղակեսի վերջում մրցավարները կոպիտ խաղի համար տուգանեցին հյուսիսկորեացի երեք խաղացողների: Մեր հոկեյիստները երկու անգամ իրացրին թվային առավելությունը, իսկ հյուրերի երկու խաղացողները ժամանակից շուտ վերադարձան խաղադաշտ:

Սակայն երրորդ հոկեյիստը 2 րոպե տուգանքից հետո շարունակում էր մնալ պատիժ կրողների նստարանին: Ցուցատախտակին նույնիսկ բացակայում էր նրա տուգանքի ժամանակը: Կորեացի մարզիչները սկսեցին անհանգստանալ եւ նույնիսկ դիմեցին մրցավարների օգնությանը: Պարզվեց, որ տուժածը մինչեւ խաղադաշտ մտնելը դեռ 12 վայրկյան ունի դա մատներով ցույց էր տալիս ժամանակին հետեւող մրցավարը: Ինչեւէ:

Երրորդ խաղակեսում ծավալվեց անչափ լարված պայքար: Հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Այնուամենայնիվ, վերջին խոսքն ասացին մեր հոկեյիստները, որոնք խաղավարտից 3 րոպե առաջ կրկին գրավեցին մրցակցի դարպասը, որն էլ հաղթանակ պարգեւեց նրանց` 7:6:

Մեր ընտրանին, երկու խաղում տանելով նույնքան հաղթանակ, ժամանակից շուտ նվաճեց եզրափակիչ հանդիպման ուղեգիր, քանի որ 2-ական միավոր ունեցող Հյուսիսային Կորեայի եւ ՀԱՀ-ի հավաքականները 3-րդ տուրում կհանդիպեն միմյանց հետ: Նշենք, որ նույն օրը կայացած ՀԱՀ - Մոնղոլիա հանդիպումն ավարտվեց աֆրիկացի հոկեյիստների վստահ հաղթանակով` 12:1: