Առանց Հայաստանի
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին, ինչպես հայտնի է, չեն մասնակցում Հայաստանի ներկայացուցիչները:
Քանի դեռ աշխարհամասի ուժեղագույն ըմբիշները պայքարում են Եվրոպայի չեմպիոնի կոչման համար, մեր ըմբիշները պատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների հավաքականները երեկ Ծաղկաձորում ավարտեցին երկշաբաթյա ուսումնամարզական հավաքը: Իսկ ահա ազատ ոճայինները պատրաստվում են մայիսին անցկացվող միջազգային մրցաշարին: Մինչ այդ մեր հավաքականը 12-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Մախաչկալայում:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց ՀՀ սպորտի նախարարության գլխավոր մասնագետ Լյովա Վարդանյանը, մայիսին հարապետությունում նախատեսված է ըմբշամարտի երկու միջազգային մրցաշար:
Մայիսի 7-9-ը Վանաձորում կանցկացվի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան մրցումները, որը նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Դրան կմասնակցեն Հայաստանի այս տարվա առաջնությունում 1-8-րդ տեղերը գրաված մարզիկները, Վրաստանի եւ Ռուսաստանի հավաքականները:
Մայիսի 28-30-ը Երեւանում տեղի կունենա օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի անվան մրցաշարը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ ԱՊՀ մի քանի հանրապետությունների եւ Իրանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները:
Առաջիկայում ըմբշամարտից նախատեսված է մեկ մրցաշար: Ապրիլի 19-21-ը, Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: