Հայաստանն ու Ադրբեջանը նույն դիվիզիոնում
Աջակցիր «Ա1+»-ինՍեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան հրապարակեց 2010 թ աշխարհի թիմային առաջնության խմբերի կազմերը:
Հայաստանի կանանց հավաքականը ընդգրկվել է 3-րդ դիվիզիոնում, որտեղ հանդես կգան նաեւ եւս 23 երկրների ընտրանիներ, այդ թվում մեր հարեւաններ Ադրբեջանը, Իրանը:
Թիմերը կպայքարեն 49-50-րդ տեղերի համար, որը իրավունք կտա 2012 թ աշխարհի առաջնությանը մասնակցել 2-րդ դիվիզիոնի մրցումներին:
Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 20-ին, երբ տեղի կունենա խմբերի վիճակահանությունը:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 1-ին դիվիզիոնում ընդգրկված 24 երկրների թիմերը: Ի դեպ, դրանց թվում են նաեւ Թայվանը, Հոնգ Կոնգը, որոնք, կարելի է ասել, ներկայացնում են սեղանի թենիսի չինական դպրոցը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի ընդգրկվել առաջին երեք դիվիզիոններում: Սակայն մեր թիմը հավանաբար հանդես կգա 4-րդ դիվիզիոնում, որի վերջնական կազմը դեռ հայտնի չէ:
Նշենք, որ սեղանի թենիսի 2010 թ աշխարհի թիմային առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, մայիսի 23-30-ը: Մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 134 երկրներ: Տղամարդկանց մրցումներին հանդես կգան 463 մարզիկներ, կանանց` 330 մարզուհիներ: