Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբրահամը չի համակերպվում

Սպորտ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «Բեռլին կուրիեր» թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել Անդրե Դիրելից կրած պարտության հետ, որն առաջինն էր նրա կարիերայում:

«Դիրելի հետ մենամարտին ես դեռեւս ֆիզիկապես լավ մարզավիճակում չէի: Բայց այն, ինչ տեղի ունեցավ մարտի վերջում, ինձ դեռ ցավ է պատճառում: Այսուհետ ես պետք է ավելի շատ մտածեմ մրցամարտերի, քան այլ բաների մասին: Այդ իսկ պատճառով հրաժարվեցի «Եկեք պարենք» հեռուստաշոուի եզրափակիչ փուլին մասնակցելուց»,-ասել է նա:

Արթուր Աբրահամը հայտարարել է, որ արդեն 10 օր անց կսկսի պատրաստվել բրիտանացի բռնցքամարտիկ Կառլ Ֆրոչի հետ մենամարտին. «Ֆրոչը դեռ պետք է հանդիպի դանիացի Միկել Կեսլերի հետ: Ես այդ մենամարտում երկրպագելու եմ Կեսլերին, ոչ թե նրա համար, որ նա մենամարտելու է իմ մրցակցի հետ: Պարզապես Կեսլերը մեր թիմի` Sauerland-ի մի մասնիկն է կազմում»,-ասաց նա:

Աբրահամի առաջիկա մրցակիցը, որը նախորդ 26 մենամարտերում հաղթանակ է տարել, համոզված է, որ խնդիրներ չի ունենա դանիացի բռնցքամարտիկի հետ մարտում. «Ես հաղթել եմ Դիրելին, որը վերջերս պարտության մատնեց Աբրահամին: Սակայն «Սուպեր 6» մրցաշարում հավաքվել են բավական ուժեղ եւ հավասար հնարավորություններ ունեցող բռնցքամարտիկներ, ուստի դժվար է գուշակել, թե ինչպես կավարտվեն մնացած մրցամարտերը»: