Մեր պիկը եղել է հուլիսի 6-ին․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոր տիպի կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում էականորեն բարելավվել է և վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին։
Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ համեմատությունը հարաբերական է, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նվազել է ոչ միայն բուժումների շնորհիվ, այլ նաև մահերի հետևանքով։
Ըստ վարչապետի՝ ակնհայտ է, որ մեր երկրում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ, ինչը, նրա խոսքով, էականորեն կապված է Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային կանոնների հետ․
«Եթե այս թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին մենք թուլացնենք զգոնությունը, ըստ էության կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և ունենալ թվերի լրջագույն ավելացում»։
Վարչապետի խոսքով՝ սահմանափակումների թուլացումը Կառավարության ամենօրյա օրակարգում է, յուրաքանչյուր օբյեկտիվ հնարավորության դեպքում սահմանափակումները կթուլացվեն։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ամառային հանգիստը անցկացնել Հայաստանի տեսարժան վայրերում։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ևս արձանագրեց, որ իրավիճակի բարելավում կա․
«Մեր տվյալներով, մենք ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի 6-ին, այսինքն՝ եթե դա համարենք պիկ, ապա մեր պիկը եղել է հենց այդ օրը, և այդ օրից անց մենք ամեն օր ավելի քիչ թվով պացիենտներ ենք ունեցել»։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հոսպիտալիզացիայի խնդիր չունենք, ավելին՝ այս պահին կան ազատ մահճակալներ․
«Մենք աստիճանաբար գնալու ենք մահճակալային ֆոնդի հետծավալման՝ իհարկե, միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ դրանց նորից նույն ծավալով գործարկելու։ Նախնական մենք Վանձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Դիլիջանի բժշկական կենտրոնները օգոստոսի 1-ից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին, ևս երեք կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադարձնենք հիմնական աշխատանքին»։
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ պատվաստանյութ ձեռք բերելու բանակցությունները շարունակվում են։
Փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշեց, որ ներկա պահին քննարկվում է արտակարգ դրության երկարացման կամ արտակարգ դրությունից արտակարգ իրավիճակի անցման տարբերակները, քննարկումների արդյունքն ըստ Ավինյանի՝ մեծապես կախված է համաճարակաբանական իրավիճակի զարգացումից։
«Պարետատունը առաջիկայի համար քննարկում է համավարակի կառավարման պլան, որը ուղենիշային կլինի Կառավարության գործողությունների համար, կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում»։
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունը։
Մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի և ոչ ֆորմալ կրթության մասով կառավարման պլանները,-տեղեկացրեց Ավինյանը՝ հավելելով, որ սրանց միջոցով պարզ կդառնա, թե համաճարակային տարբեր իրավիճակներում երկրում ինչպես պետք է գործի կրթական պլանը և ինչպիսի կանոններ պետք է որդեգրվեն ու պահպանվեն կրթական տարբեր հաստատությունների կողմից։
Գրադարանները, թանգարանները, թատրոնները, համերգասրահները ևս կվերաբացվեն, տեղեկացրեց պարետը՝ նշելով, որ դրանք կգործեն հատուկ կաններով։