Այլ կարծիք ունենալը, չի նշանակում, որ մարդն իր երկիրն ավելի քիչ է սիրում, քան նրանք, որոնցից այսօր կախված է երկրի ապագան. Էդուարդ Թադևոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԿցանկանայի, որ ղեկավարությունն այնքան գիտակից լինի, որ ոչ թե խելոք մարդիկ գնան նրանց դռները ծեծեն, այլ նրանք հրավիրվեն խորհրդի համար: Կարող է չէ՞, ինչ որ կարծիք ասվի, որը կարելի է ընդունել: Մի անգամ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հեռուստատեսությամբ հայտարարեց. «ինչու՞ եք հակադրում ժողովրդին ու իշխանությանը, մենք նույն ժողովուրդը չե՞նք»: Բայց դա ասելով չէ: Եթե պետությունը ժողովուրդն է, պետք է ժողովրդի հետ շփվել, ժողովրդից կարծիքներ իմանալ և առանց նյարդայնանալու, որ կան այլակարծիք մարդիկ, նրանց դավաճան չհամարել, այլ ընդունել որպես հայրենիքի համար սրտացավ մարդ: Սա է պետք:
Դեռ 1991-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք առաջին հարցազրույցն էի տալիս, ասացի, որ ընդհանրապես, և առավել ևս Հայաստանի նման փոքր երկրին ընդամենը երկու բան է պետք, որ երկիրը երկիր դառնա: Երկրի ղեկավարությանը պետք է պրոֆեսիոնալիզմ և սրտացավություն: Սա է հույսը: Հա, մի քիչ էլ համեստություն է պետք: Ընդամենը տարի ու կես ղեկավար պաշտոն զբաղեցնել ու ասել՝ «որպես քաղաքական գործիչ ես գտնում եմ, որ…», մեղմ ասած համեստ չէ… Չեմ ուզում կոպիտ բան ասել… Ես, որ 65 տարի ջութակ եմ նվագում, միշտ կիրառում եմ՝ ես կարծում եմ, իմ կարծիքն է, գուցե այսպե՞ս անենք: Համեստություն, մի քիչ համեստություն է պետք, և ոչ ձևական, այլ իրական:
«Ա1+»-ի հեռախոսազրույցը Կոմիտասի անվան ազգային քառյակի առաջին ջութակահար, գեղարվեստական ղեկավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի հետ:
– Պարոն Թադևոսյան, չնայած համավարակի դժվար իրավիճակին, այս ընթացքում բավական ակտիվ գործունեություն եք ունեցել՝ Արամ Խաչատրյանի մրցույթում ժյուրիի նախագահ էիք, ուսանողների հետ էիք պարապում, նաև քառյակի փորձերն են կայացել:
– Այո, շատ թե քիչ ակտիվ եմ եղել: Սակայն, այս իրավիճակն իհարկե մշակույթի և մասնավորապես երաժշտական արվեստի վրա շատ բացասական է ազդում, և ոչ միայն կատարողական արվեստի, այլև դասավանդման որակի վրա: Մեր մասնագիտությունը թելադրում է անհատական դասեր: Պատմություն, աշխարհագրություն չի, որ խմբակային անցկացվի: Մեր դեպքում պետք է լինի անմիջական կոնտակտ, շփումը ուսուցչի հետ: Պարապել ենք իհարկե, բայց երբ լսում ես անբնական, երբեմն արձագանքող ձայն, դժվար է հասկանալ, գնահատել: Ջութակահարները դեռ ոչինչ, պատկերացնում եմ դաշնակահարների վիճակը:
Ի դեպ, հուլիսի 28-ին և 31-ին կկայանա ևս մեկ մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի» համար, որտեղ ես նույնպես ժյուրիի կազմում եմ: Սա ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է արդեն քսան տարի: Ասեմ, որ այս մրցույթը ևս, ինչպես և շատ բաներ, փաստացի արդեն նախագահի իրավասության տակ չէ: Նախագահը պետք է ընդամենը ստորագրությամբ փաստի, որ տեղի ունեցավ մրցույթ, մասնակցեցին և հաղթեցին այսինչ մարդիկ: Ի դեպ, այս տարի երիտասարդական մրցանակը կոչվելու է Պողոսյան եղբայրների մրցանակ, քանի որ նրանք են ֆինանսավորում: Եղբայրները Շվեյցարիայում և Ֆրանսիայում ապրող գործարարներ են: Ի դեպ, եղբայրներից մեկը Սիրահարների այգին վերակառուցեց ճիշտ իր կալվածքի ձևով:
– Ի՞նչ կասեք Արամ Խաչատրյանի անվան միջազգային առցանց անցկացված մրցույթի մասին:
– Սկզբից ես դեմ էի մրցույթն առցանց անցկացնելուն և բավական երկար կամուկացի մեջ էի: Մի կողմից իհարկե պատիվ էր, որ Ժնեվ, միջազգային մրցույթների գլխավոր հանձնաժողով ուղարկվել էր մի ձայնագրություն, որը լսելուց հետո հանձնաժողովը, որ ուրիշ մրցույթների անցկացումը չէր թույլատրել և հետաձգել էր, Խաչատրյանի մրցույթին ասաց՝ այո: Իհարկե, արհեստական ինտելեկտը նոր խոսք է և սա իր դերը խաղաց: Բայց, երբ երաժիշտը դուրս է գալիս բեմ, նվագում է առանց ունկնդրի և անընդհատ պետք է նայի դիրիժորի ձեռքերին ու նվագախմբին լսի, որպեսզի կարողանա համահունչ նվագել, կարծում եմ, որ արդյունքում արհեստական մի բան է ստացվում: Բայց ինքը փաստը, որ մրցույթը կայացավ, գնահատում եմ նրանով, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրող շատ երիտասարդ ջութակահարներ ճանաչեցին, սերտեցին ու նվագեցին Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Երաժշտությունը, որը չի կատարվում՝ մոռացվում է: Շոստակովիչի ստեղծագործությունները, որի տղան կենդանի է և ամեն ինչ անում է, որպեսզի հոր երաժշտությունը չմոռացվի, անգամ այդքան չեն կատարվում: Այդ իմաստով ես բավարարված եմ:
–Ինչ ծրագրեր է կարողանում իրականացնել այս պայմաններում Կոմիտասի անվան ազգային քառյակը:
– Մենք փոքր կոլեկտիվ ենք: Հանդիպել ենք, միմյանցից երկու մետր հեռավորության վրա նստել ենք, փորձեր ենք արել: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեզ սիրով տրամադրեց համերգային դահլիճը փորձերի համար: Մի քանի օր առաջ ավարտվեց Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումները, որտեղ մենք ընդգրկեցինք մեր մեծ հայրենակից Առնո Բաբաջանյանի՝ Շոստակովիչի հիշատակին նվիրված թիվ 3 կվարտետը, քանի որ հաջորդ տարի նշելու ենք Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Իհարկե, այս շոգին արդեն հնարավոր չէ փորձեր անել: Սեպտեմբերին կշարունակենք: Միգուցե բացօթյա համերգներ լինեն, տեսնենք: Բացօթյա համերգներն ունեն իրենց բացասական կողմերը: Միայն ձայնը չէ, նվագելու ժամանակ քամի կարող է բարձրանալ, նոտաներն են շուռ գալիս, և վերջապես եղանակի կտրուկ փոփոխությունները վնասակար են երաժշտական գործիքների համար: Բայց չեղածից լավ է: Ամեն ինչ հարաբերական է: Անելանելի վիճակներ չեն լինում: Լինում է մշակված մշակութային քաղաքականություն: Երբ խոսում ենք մշակույթի մասին, պետք է հասկանանք, որ դա միայն արվեստը չէ, դա և լրագրողական մշակույթն է և մարդկային հարաբերությունների մշակույթն է և դիվանագիտական մշակույթն է, և, և, և…
Դեկլարատիվ հայտարարություններին դեմ եմ, բայց պետք է հասկանանք, պետությունների հզորության աստիճանը: Ես քաղաքական գործիչ չեմ, այնուհանդերձ ինչ տեղի է ունենում իմ երկրում, չի կարող ինձ չհուզել: Օրինակ՝ Հայաստանի ազգային ժողովը որոշում է ընդունում կապված ռուսական հեռուստաալիքների հետ: Արդյո՞ք դրա ժամանակն է, կամ թե հայկական էժանագին սերիալների համար ճանապա՞րհ ենք բացում: Ասում են, որ ես հումորից զուրկ մարդ չեմ, բայց շատ հաճախ, այսպես ասած հումորային հաղորդումների ժամանակ ուզում եմ հասկանալ, թե որտեղ պետք է ծիծաղեի… Չեմ ասում խեղված հայերենի մասին՝ էթումա, արագի մեջ, հելանք, կեթաս…
– Ձեր գնահատմամբ, կոնսերվատորիայում ի՞նչպես ընթացան ավարտական և ընդունելության քննությունները:
– Ես չեմ մասնակցել ոչ մեկին և ոչ էլ մյուսին:
– Դու՞ք հրաժարվեցիք դեկանի պաշտոնից: Չէ՞ որ Ձեր որակի մասնագետները շատ չեն, և հավանական է Ձեզ առաջարկվել է մնալ:
– Ձեր ասած կարծիքը շատերը հայտնեցին, ասացին նաև, որ արվեստի գործչի տարիները դա այն փորձն է, որը պետք է փոխանցել: Բայց ինձ նոր ղեկավարությունը առաջարկեց հրաժարվել պաշտոնից, ասելով, որ բավական է, ինչքան պաշտոնավարեցիք: Եվ ես, որպես երկու տասնամյակից ավել պաշտոնավարած դեկան, հանձնեցի ղեկը երիտասարդներին: Թող փորձեն, թող ավելի լավ լինի:
Հիմա ես, որպես պրոֆեսոր, գնում եմ, մտնում իմ դասարան, դասերն անցկացնում և ավարտելուց հետո գալիս տուն, չհետաքրքրվելով թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Իսկ թե ինչ վիճակ է կոնսերվատորիայում գնահատել դժվարանում եմ, քանի որ ղեկավարության հետ, արդեն ի պաշտոնե չեմ շփվում: Իսկ կարծիքները տարբեր են:
Բայց ցավով պետք է մեկ բան նշեմ, որ, օրինակ նույն Արամ Խաչատրյանի մրցույթին չմասնակցեցին երիտասարդ դասախոսների մոտ սովորող ուսանողներ: Ինչու՞:
Իհարկե, դասախոսները կարող են պատճառաբանել, որ ուսանողները չցանկացան առցանց մասնակցել: Ինչևէ, ես չտեսա նոր անուններ:
Մասնակցում էր Դիաննա Ադամյանը, որը սովորել է Պետրոս Հայկազյանի մոտ, հետո ինձ մոտ, հիմա Գերմանիայում է, մասնակցեց Ֆելիքս Հարությունյանը, որը սովորել է Ալեքսանդր Կոսեմյանի մոտ, ով նույնպես իմ սերնդակիցն է:
– Դուք այս տարի ուսանողներ ունե՞ք:
– Այս տարի ինձ մոտ ընդունվեց երկու ուսանող: Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակում ևս ունեմ սաներ:
– Մենք ունեցել ենք ջութակի հիանալի դպրոց, որը կայացել է ԽՍՀՄ-ի տարիներին:
– Իսկ գիտե՞ք ինչու է կայացել: Կայացել է, քանի որ մեր անվանի դասախոսներից շատերը կրթություն են ստացել Մոսկվայում, Լենինգրադում, հետո վերադարձել են այստեղ դասավանդելու: Այսօր նրանք, ցավոք կամ հեռացել են կյանքից, կամ այն տարիքում են, որ այլևս չեն դասավանդում: Այսինքն, սերնդափոխությունը վերջին մոտ երեսուն տարվա ընթացքում ինչ-որ տեղ կտրվեց: Ովքեր չդիմացան վայրիվերումներին և կարողացան արտասահմանում լավ աշխատանք գտնել՝ գնացին: Դա այն սերունդն է, որ դեռ սովորել էր անվանի պրոֆեսորների մոտ, անցել իսկական դպրոց: Դա այն սերունդն է, որն այսօր մոտավորապես 40 տարեկան է: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ես շրջանավարտներ ունեմ և նրանցից ոչ մեկն այնտեղ աման լվացող չի աշխատում: Աշխատում են իրենց մասնագիտությամբ և շատ լավ արդյունքներ են ցույց տալիս: Չնայած, տեսեք՝ գալիս են: Նարեկը Հախնազարյան՝ գալիս է, այստեղ նվագում է, համերգներ է տալիս, վարպետության դասեր է անցկացնում: Նա այն շնորհակալ տղաներից է, ով հիշում է իր ուսուցչին: Սերգեյ Խաչատրյանն է գալիս, նվագում: Չիմացողների համար ասեմ, որ օրինակ՝ Սերգեյ Խաչատրյանն այստեղ սովորել է ընդամենը մեկ տարի, սակայն նույնպես միշտ հիշում է իր առաջին ուսուցչին, ի տարբերություն շատ-շատերի: Իսկ նրան այստեղ սովորեցրել են ընդամենը ջութակ բռնել: Հետո նա գնաց Գերմանիա: Ուղղակի շատ համեստ և գնահատող տղա է:
Ասեմ որ մեր ոլորտում ևս այսօր, քան երբևէ, տիրում է համեստության բացակայություն: Մի փոքրիկ արդյունքի են հասնում երաժիշտները, մի երկու տնական մրցույթի են մասնակցում նրանց սաները, տեղ են վերցնում և նրանք իրենց ջութակի դպրոցի հիմնադիրներ են սկսում համարել:
Մինչ օրս իմ երկու խոսքից երեքը՝ Ավետ Գաբրիելյան է և այդպես էլ կշարունակվի:
– Իսկ շնորհալի երեխաներ կա՞ն:
– Իհարկե, կան շնորհալի երեխաներ, որոնք սակայն այստեղ ապագա չեն տեսնում և աշխատում են որքան հնարավոր է վաղ Հայաստանից գնալ: Խնդիրը նրանում է, որ երաժիշտները այնպիսի նյութից են կազմված, որ պետք է հավատ ունենան իրենց ուսուցչի հանդեպ, գնահատեն նրան որպես մարդու և որպես մասնագետի: Ես նկատի չունեմ, թե ինքը զինվոր է, ես գեներալ, ասացի՝ պետք է կատարի: Աստված մի արասցե, որ մոտեցումն այդպիսին լինի: Դրա համար ևս անմիջական կոնտակտը կարևոր է:
Ի դեպ կարելի է լինել լավ երաժիշտ կատարող, սակայն չսիրել մանկավարժությունը և չապրել դրանով: Մանկավարժ լինելը ևս ի վերուստ է տրված: Մանկավարժը՝ կոչում է:
Չեմ թաքցնում, որ նյութական մասը ևս նշանակություն ունի: Ամեն մարդ չէ, որ կարող է նյութականի հանգամանքն անտեսել: Սակայն հասկանալով երկրի տնտեսական, նյութական վիճակն ու չլուծված խնդիրների բազմազանությունը, առաջարկում եմ մերձբալթյան երկրների օրինակով ծխախոտի և ոգելից խմիչքների հասույթից թեկուզ տաս տոկոսը հատկացնել մշակույթին:
Վերջերս, երբ Ալեն Սիմոնյանին հարցրեցին պարգևավճարների մասին, նա պատասխանեց, որ «գիտեք, մենք նվիրյալներ ենք, ամեն մարդ այս աշխատավարձով չի գա, այստեղ չի աշխատի»: Ասել, որ զարմանում եմ… շատ մեղմ ասված կլինի: Մեկ միլիոն դրամ աշխատավարձն իրենք քիչ են համարում, բայց դա մեր քառյակի երաժիշտների, քառյակի տնօրենի և հաշվապահի ընդհանուր մեկ ամսվա աշխատավարձն է կազմում…! Եվ վերջապես, պարգևավճարը տալիս են պարբերաբար, ոչ ամեն ամիս լավագույն արդյունքի համար: Բայց մենք տեսնում ենք չէ՞ արդյունքը, թե ժողովուրդը ոնց է ապրում:
Եթե այդ աշխատավարձով և պարգևավճարով աշխատողը համարվում է նվիրյալ, ապա ինչ ասեն ակադեմիկոսները որոնք տասնամյակներ զարգացրել են մեր գիտությունը և համարվել են երկրի հպարտությունը, հայտնի ռեժիսորները, արտիստները, բժիշկները վերջապես ուսուցիչները: Այս դեպքում ովքեր են նրանք, եթե ոչ նվիրյալներ:
Սակայն իրական նվիրյալները, իմ կարծիքով Արամ Մանուկյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Ալեքսանդր Թամանյանը, Աղասի Խանջյանը և նրանց նմաններն էին, որ եկան ու երկիր կառուցեցին:
Երբ ինձ ասում են, որ դուք նվիրյալ եք, մնում եք հայրենիքում, այնինչ գնալու հնարավորություն ունեք, ես պատասխանում եմ, այս ինչ ժամանակներ ենք մենք ապրում, որ հարազատ երկրում մնալը և ապրելն ու աշխատելը նվիրյալություն է համարվում: Ժամանակին Ռոստրոպովիչի մասին էին ասում, որ այն ժամանակ պաշտոնավարող մշակույթի նախարար Ֆուրցևան կանչել է նրան և ասել. «Մենք որոշել ենք ձեզ պատժել: Դուք պետք է նվագեք միայն Սովետական Միությունում», որին նա պատասխանել է. «Զարմանալի պատիժ է - նվագել սեփական հայրենիքում»:
Այսօրվա ղեկավարների մասին ասում են, ճիշտ է անփորձ են, բայց ազնիվ են:
Սկսենք նրանից, որ եթե մարդ դրամապանակ է գտնում, պետք է տանի ու հարցնի, թե դա ումն է զարմանալու որևէ բան չկա: Իսկ ինչու՞ պետք է ազնիվ չլինեն: Անընդհատ ասում են՝ նախկինները, նախկինները, բայց եթե պետք է նախկինների նման շարունակվի, ապա ինչն է փոխվել: Ես գտնում եմ, որ եղել է իշխանափոխություն: Սա հեղափոխություն չէ, որովհետև հեղափոխության արդյունքները այս երկու տարում պետք է որ տեսնեինք:
Ամենավատը գիտեք ինչն է հիմա: Նախկիններ ենք ասում, բայց նախկինների ժամանակ մենք խոսում էինք, քննադատում էինք, սակայն սոցցանցերում պատվերով չէին հայհոյում: Ես բացում եմ ֆեյսբուքը և ամաչում եմ, որ հայերենը այդպիսի լեզու է դարձել: Մեկ-մեկ ուզում եմ գրել. գիտե՞ք, որ ես Ձեզ կարող եմ շատ ավելի վատ հայհոյեմ, քան թե դուք եք գրում: Այլակարծիքություն պետք է լինի չէ՞: Եթե մարդն այլ կարծիք ունի, առաջ համարվում էր չկամ, իսկ հիմա՝ դավաճան կամ թշնամի: Ո՞նց կարելի է նման բան թույլ տալ: Առաջին հերթին ղեկավարությունը պետք է դա արգելի: Ինչու՞, որովհետև այդ մակարդակի էլեկտորատը առաջին հերթին պատիվ չի բերում, հենց երկրի ղեկավարությանը: Գիտեք, հուսահատությունը ամենավատ բանն է… հուսահատությունը, հուսախաբությունը: Մարդը պետք է տեսնի լույս թունելի վերջում: Բայց երբ այդ լույսը չի երևում: Պրոֆեսիոնալ մարդիկ են պետք, սրտացավ, նվիրված մարդիկ են պետք, բայց ոչ թե վարչապետին, այլ երկրին նվիրված մարդիկ, որոնք կարող են վարչապետին հայտնել իրենց կարծիքն առանց վախենալու, որ վաղը չեն աշխատի, որովհետև, եթե մարդն այլ կարծիքի է, չի նշանակում, որ իր երկիրն ավելի քիչ է սիրում, քան նրանք, որոնցից այսօր կախված է երկրի ապագան: Որպես օրինակ, ասեմ, որ մեր քառյակի երաժիշտները կարող են ցանկացած հարցում այլակարծիք լինել, և ճիշտը դա է: