Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես Վեդիից դիրքեր տարան անվադողերը (տեսանյութ)

Ձայնային ազդանշանները միացրած շարասյունը Վեդիից շարժվում է դիրքեր՝  տեղափոխելով անվադողեր։

Մոտ 7 բեռնատար անվադող է հավաքվել մեկ օրում,  երբ  «Վեդու քաղաքացիական նախաձեռնությունը» ֆեյսբուքյան  իր էջում հայտարարություն  տեղադրեց։ 

«Հավատում էինք, որ հաստատ կարողանալու էինք շատ հավաքել ու եղավ հենց այնպես, ինչպես մենք նախօրոք պլանավորել էինք՝ չնայած նրան, որ ուշ էինք սկսել»,- «Ա1+»-ին ասաց «Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամ Գագիկ Հակոբյանը՝  ընդգծելով, որ նույնիսկ նոր անվադողեր են հավաքվել։

Նա պատմում է, որ գաղափարը առաջացել Է, երբ սահմանին լարվածությունն աճել է.

«Միտքը առաջացել է ըստ անհրաժեշտության, խմբում քննարկել ենք ու սկսել՝ առանց հետագա դժվարությունները հաշվի առնելու։ Իրականում բավականին աշխատատար և բարդ գործ էր, սակայն մենք հեշտ հաղթահարեցինք, որովհետև մեծ ուժ էինք ներդրել՝  թե տեխնիկական ռեսուրս, թե մարդկային»։

 Անվադողեր հավաքվել են ոչ միայն Վեդի քաղաքից,  միացել են նաեւ շրջակա գյուղերի բնակիչները։  Այս փաստը ուրախացրել է նախաձեռնության անդամներին։

 «Վեդու քաղաքացիական նախաձեռնությունը»  ստեղծվել է նախորդ տարվա նոյեմբերին, բայց արդեն հասցրել Է  համայնքային մի շարք միջոցառումներ անել՝  միավորելով Վեդիի և շրջակա գյուղերի ակտիվ երիտասարդներին։

Ներդրում են ունեցել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում. մարտ ամսին Վեդիում 2 շաբաթվա ընթացքում մոտ 10000  բժշկական-պաշտպանիչ դիմակներ են  կարել ու բաժանել։