Արծաթե վերջաբան
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումների վերջին օրը մրցասպարեզ մտան մեր երկու ծանրորդները` 105 կգ քաշային Արթուր Բաբայանը եւ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը:
Արթուր Բաբայանը երկամարտում ցույց տալով 394 (178+216) կգ արդյունք, գրավեց 5-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց բելառուսցի Անդրեյ Արամնովը` 420 կգ:
Գերծանր քաշային կարգում 20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը իսկական ճակատամարտ տվեց իր փորձառու մրցակիցներին` օլիմպիական չեմպիոն Մատիաս Շտայներին (Գերմանիա) եւ Եվրոպայի գործող չեմպիոն Եվգենի Չիգիշեւին (Ռուսաստան):
Պոկում վարժությունում մեր մարզիկը գրավեց 2-րդ տեղը` բարձրացնելով 195 կգ ծանրաձողը: Այս վարժությունում հաղթեց Եվգենի Չիգիշեւը` 205 կգ:
Հրում վարժությունում Եվգենի Չիգիշեւը բարձրացնելով 235 կգ, սկսեց հետեւել, թե ինչով կպատասխանի իրեն հայ ծանրորդը: Ռուբեն Ալեքսանյանն առաջին իսկ փորձից բարձրացրեց 237 կգ ծանրությունը եւ երկամարտում դարձավ երկրորդը: Առաջատարին շրջանցելու համար մեր մարզիկը պատվիրեց 246 կգ, սակայն երկու փորձից այդպես էլ չկարողացավ իրեն ենթարկել տալ այդ ծանրությունը: Այդպիսով, մեր երիտասարդ ծանրորդը այս վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ, բայց երկամարտում այդպես էլ մնաց երկրորդը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցած մեր 8 ծանրորդներից 7-ը դարձան մրցանակակիրներ` նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Ոչ պաշտոնական հաշվարկով Հայաստանի հավաքականը մեդալների քանակով գրավեց 4-րդ տեղը: