Կակոսյանը «փրկեց» մրցակցին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի առաջին երկու տուրերում կայացած 8 հանդիպումներն էլ ավարտվել էին թիմերից մեկի հաղթանակով: Հանրապետության ֆուտբոլասերները դա բացատրում էին կամ թիմերի խաղամակարդակների մեծ տարբերությամբ, կամ էլ առաջատարների մարտական տրամադրվածությամբ:
Եվ ահա, 3-րդ տուրում գրանցվեցին առաջին ոչ-ոքիները: Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում խաղաղ դաշն կնքեց Երեւանի «Բանանցի» հետ` 2:2, ընդ որում դաշտի տերերը հաշիվը հավասարացրին խաղավերջին մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին շնորհավորեց երկու թիմերին` դիտարժան ֆուտբոլ ցույց տալու համար. «Բավական հետաքրքիր խաղ ստացվեց: Երկու թիմերն էլ հաղթողի հոգեբանությամբ էին խաղադաշտ մտել: Ցավոք, այս անգամ անվստահ խաղաց մեր դարպասապահը, ում պատճառով անհարկի գոլ բաց թողեցինք առաջին խաղակեսում»:
«Եթե հանդիպման վերջին րոպեին Կակոսյանը կոպիտ սխալ թույլ չտար, ապա մենք կարող էինք հաղթանակ տանել, - խաղից հետո ասաց «Բանանցի» մակեդոնացի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին, - Դա ցույց տվեց, որ մենք դեռ անելիքներ ունենք հանդիպումներն ավելի վստահ եւ հանգիստ ավարտելու ուղղությամբ»:
Ոչ-ոքի գրանցվեց նաեւ առաջնության նորեկ «Իմպուլսի» եւ հանրապետության չեմպիոն «Փյունիկի» միչեւ կայացած հանդիպումը` 0:0:
Ապրիլի 11-ին տեղի կունենան այս տուրի մյուս երկու խաղերը. «Միկա» - «Կիլիկիա», «Շիրակ» - «Գանձասար»: